Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ իրավիճակը սրելու գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետեւանքով իրավիճակը սրվել է Ղարաբաղյան հակամարտության ողջ սահմանային գծում՝ ուղեկցվելով ծանր տեխնիկայի օգտագործմամբ եւ երկուստեք մարդկային կորուստներով։ Տեւական, սակայն, միայն զինադադարի վրա հենված լինելով՝ անկայուն խաղաղությունը, այս անգամ ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններով, կանգնած է խզման վտանգի առջեւ։

Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ իրավիճակը սրելու գործողությունները եւ հայտարարում.

Անկախ գործող իշխանության հետ ներքաղաքական հարցերում մեր ունեցած հակասություններից եւ տարաձայնություններից, Հայ Ազգային Կոնգրեսը, հավատարիմ իր՝ ի սկզբանե եւ ոչ մեկ անգամ հռչակած սկզբունքի, արտաքին վտանգի դեպքում կանգնած է լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման եւ անվտանգության պաշտպանության դիրքերում։

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, բանակը պետք է վստահ լինեն, որ արտաքին ամեն կարգի ագրեսիայի դեմ միավորվելու է Հայաստանի ողջ քաղաքական եւ քաղաքացիական դաշտը։

Ադրբեջանի համապատասխան շրջանակները, նույնպես, սեփական փորձից, կարող են վստահ լինել, որ ներքաղաքական որեւէ խնդիր չի կարող նշանակել հայ ժողովրդի բաժանում կամ պառակտում, եւ ագրեսիա իրականացնելիս հաշվարկներ անել դրա վրա։




Լրահոս