ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ երեք տարեկան որդի, բայց հաջորդ տարի պետք է մեկնեմ պարտադիր զինվորական ծառայության: Արդյո՞ք կարող եմ օգտվել բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից, թե՞ ոչ:

Սահակ Մխոյան (24 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաեւ այդ ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվելու հիմքերը, ըստ որի` նման իրավունք ունեն.
ա) միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը,
բ) ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները,
գ) ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկները,
դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր,
ե) ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկներ:
Այսպիսով` Դուք օգտվում եք բնակության վայրին մոտ, այն է՝ Ձեր հաշվառման (հաշվառում չունենալու դեպքում՝ փաստացի բնակության) վայրից մինչեւ 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպես կանոն` պատասխանում շատ «բարի» են ներկայացվում արտոնություններից օգտվողների իրավունքները: Բայց գաղտնիք չէ, որ նման դեպքերում հաճախ զինակոչիկներին գցում են ավելորդ քաշքշուկների մեջ եւ վերջում, անկախ օրենքի պահանջներից, ուղարկում թերեւս ամենահեռու զորամասերից մեկը:




Լրահոս