ՀՅԴ Գերագույն մարմինը շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ.
Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ է իրականացրել՝ տանկերի, հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ: Հակառակորդը փաստացի տապալել է խաղաղ բանակցային գործընթացը, միաժամանակ սպառնալով ԼՂՀ եւ ՀՀ ազգաբնակչության անվտանգությանը:
Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը գործնականում վտանգում է տարածաշրջանի կայունությունը: Հավատարիմ մնալով խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին, գնահատելով այս ուղղությամբ միջազգային հանրության միջնորդական առաքելությունները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները:
Դեպքերի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով աննախադեպ իրավիճակի վրա, հորդորելով կոնկրետ քայլերով վերականգնել հրադադարի ռեժիմը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է, որ իր կառույցի ողջ կարողականությամբ ԼՂՀ և ՀՀ իշխանությունների կողքին է՝ ապահովելու հայկական երկու պետությունների ազգաբնակչության և պետականության անվտանգությունը:
Կոչ ենք անում հայկական բոլոր կառույցներին, կազմակերպություններին և հանրությանը. մենք պարտավոր ենք ներքին համախմբվածությամբ եւ համարժեք պատասխան գործողություններով Ադրբեջանին խաղաղություն պարտադրել:
Ապրիլի 2, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին