Ադրբեջանական կողմն ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրենք կարող են հայկական կողմի ազատագրած տարածքները ետ գրավել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային աննախադեպ լարված իրավիճակին, նման կարծիք հայտնեց «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
«Բայց իրենց չի հաջողվի գրավել տարածքները: Իրենք կհայտնվեն ավելի վատ վիճակում, որովհետև միջազգային կազմակերպությունները տարբեր առիթներով պաշտպանում են հայկական կողմին»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ-ի և մյուս կառույցների արձագանքին` Միքայելյանը նշեց. «ԵԱՀԿ-ն, միգուցե, չի դատապարտում, բայց Ռուսաստանը, ԱՄՆ-ն դատապարտում են: Իրավիճակն այնպիսին է, որ չես կարող ռեալ կողմնորոշվել` ինչ նկատառումով են անում, բայց, բնականաբար. ադրբեջանական կողմն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ազատագրված տարածքները կարող են ետ գրավել»:
Միքայելյանի խոսքով` պետք է համախմբվել և պատրաստ լինել: «Ես պատրաստ եմ, բայց չեմ ուզում ձևական ինչ-որ հայտարարություններ անել: Ես պատրաստ եմ առաջին իսկ հրահանգի դեպքում իմ ջոկատի տղաների հետ միասին դուրս գալ սահման», – հավելեց նա: