Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորել է Օբամային զսպել Ալիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հորդորել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին վերջ դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից սանձազերծած վերջին հարձակումներին Լեռնային Ղարաբաղում, որը վատթարագույնն է 1994 թվականին կնքած զինադադարից հետո: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին Հայ դատի հանձնախմբից:

«Օմաբայի վարչակազմի կողմից Վաշինգտոնում ջերմ ընդունելություն գտնելուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակումներ ղարաբաղա­ադրբեջանական շփման գծում: Հայտնի է մի քանի, այդ թվում և հայ երեխայի մահվան դեպք»,­- նշել է Համփարյանը: Նա փաստել է, որ թե ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, թե պետքարտուղար Ջոն Քերին Ալիևի հետ ունեցած վերջին հանդիպումներում որևէ կերպ չեն հորդորել Ադրբեջանի ղեկավարին գնալ իրադրության լարվածությունը թոթափող քայլերի:

«Ադրբեջանի ագրեսիային հակազդելու գործում Օբամայի վարչակազմի ունեցած ձախողումը կանաչ լույս վառեց Ալիևի կողմից Ղարաբաղում նման հարձակումներ իրականացնելու գործում: Օբամայի վարչակազմը պետք է անհապաղ գործողությունների դիմի` կանգնեցնելու նախագահ Ալիևի վերջին հարձակումները, ինչպես նաև ձեռնարկի հստակ քայլեր` հանուն տարածաշրջանում տևական խաղաղության` հարգելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման և ազատության իրավունքը»,­ ասվում է Համփարյանի հայտարարության մեջ:




Լրահոս