Ձերբակալվածը հայտարարել է, թե ոստիկանները ծեծել են իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւան քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն 2013 թվականի հուլիսի 25-ին, օգտվելով մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի 4/2 շենքի 32 բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն բռնել է վերջինիս եւ քաշքշուկի ընթացքում պատռել Գ.Ա.-ի շապիկը եւ պատճառել քերծվածքներ: Հանցագործություն կատարող անձին բռնելու ընթացքում տուժողի կիրառած ակտիվ գործողությունների արդյունքում Գ.Ա.-ն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում Գ.Ա.-ն իրավապահներին հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե տանտիրուհու` իրեն բռնելու եւ վնասազերծելու հետեւանքով, այլ վնասվածքները պատճառել են Շենգավիթի բաժնի ոստիկանները` իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով, բռնությամբ իրենից խոստովանական ցուցմունք կորզելիս:
Գ.Ա.-ի կողմից ոստիկանության աշխատակիցներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու եւ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս