Հայ դիրքապահներն անմիջապես իրավիճակն իրենց վերահսկողության տակ վերցրին. ինչպես են արձագանքում միջազգային կառույցները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ արցախյան հակամարտության կարգավորումը օրհասական խնդիր է ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի համար, աներկբա է: Ստատուս քվոն այլեւս չի պահպանվում: Ընդ որում, Ադրբեջանն է անընդհատ հրահրում պատերազմական գործողությունների: Այս իրողության մասին գիտեն բոլոր կողմերը` այդ թվում եւ Արցախի հիմնահարցի կարգավորումն իրենց ձեռքը վերցրած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բայց տարիներ շարունակ հնարավոր չի լինում հանդարտեցնել իրավիճակը:

Նախօրեի լայնածավալ պատերազմ հիշեցնող գործողություններն ուշագրավ ու աննախադեպ էին նախ մասշտաբներով: 1994 թվականից հետո նման բան չէր եղել: Եւ այս իրավիճակը հետաքրիր է նաեւ այն իմաստով, որ ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի նախագահները հրետակոծության ժամանակ գտնվում էին Ամերիկայի միացյալ նահանգներում: Ըստ ամենայնի՝ Իլհամ Ալիեւը ցանկանում էր ցույց տալ, որ պատերազմով կարողանալու է գրավել տարածքներ եւ պաշտոնապես հայտարարել, թե ինչ ուժեղ ու մարտունակ է ադրբեջանական բանակը:

Բայց չստացվեց: Հայ դիրքապահներն անմիջապես իրավիճակն իրենց վերահսկողության տակ վերցրին: Դրա համար ադրբեջանական լրատվամիջոցները ստիպված էին պարբերաբար հերքել ռազմական որոշ գործողությունների փաստը: Եւ հիմա որքան էլ ամենասպասված հարցի պատասխանը լինի այն, թե ինչո՞ւ սկսվեցին գործողությունները, այնուամենայնիվ, պետք է սպասել: Իսկապես ասելիքը շատ է: Այս իրավիճակին նպաստող գործոնները` մեծաթիվ: Բայց այդ մասին պետք է խոսել միայն ռազմական գործողությունների դադարից ու լարվածության մեղմացումից հետո:

ԱՄՆ-ից երեկ Հայաստան վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և հայտարարեց հայկական կողմի կարուստների մասին, ապա հավելեց. «Կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ, այդուհանդերձ մեր խնդիրները մենք պետք է լուծենք»:

Իսկ ինչպես են արձագանքում ստեղծված իրավիճակում միջազգային կառույցները:

Նախ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ Վիեննայում հաջորդ շաբաթ հերթական նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկի ԼՂ հակամարտության գոտում տիրող լարված իրավիճակը:

Իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ բանակցություններ է անցկացրել ՀՀ և Ադրբեջանի գործընկերների հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցություններ վարեց ՌԴ ԱԳ-ն: Նույնաբովանդակ կոչերով հանդես եկան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀԱՊԿ-ն և այլ միջազգային կառույցներ և երկրների գերատեսչություններ: Բոլորի կոչ-հորդորը մեկն էր` դադարեցրեք լարվածությունը և անցում կատարեք խաղաղ բանակցություններին:

Եվ մինչ արտաքին աշխարհն այս կերպ ճնշումներ էր գործադրում` հորդորելով դադարեցնել մարտական գործողությունները, Ադրբեջանն ու իր եղբայր Թուրքիան հերթական սիրախաղի մեջ ընկան: Էրդողանն իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնեց Ալիևին, ապա քննադատեց ԵԱՀԿ միջնորդների գործողությունները:

Եվ բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ տրամաբանական հարց հնչեցրին` ի՞նչ է ստացվում` Հայաստանը պատերազմում է Ադրբեջանի՞, թե Թուրքիայի դեմ: Եվ պատահական չէ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր, նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման միակ մեղավորը Թուրքիան է: Այժմ մնում է սպասել զարգացումներին:




Լրահոս