ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ ազատագրել են Ադրբեջանի կողմից գրավված մարտավարական հենակետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան` ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:

Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Դեպքերի զարգացման ընթացքին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում:

Հիշեցնենք, որ կեսգիշերին ArmLur.am-ը հայտնել էր, որ սահմանային լարվածությունը հանդարտվել է: Մեզ հայտնի էր դարձել, որ արդեն ժամը 20:30-ի սահմաններում հակառակորդը հետ է շպրտվել և նահանջել: Հայ դիրքապահները, վստահորեն իրականացնելով իրենց առջև դրված մարտական խնդիրը, ստիպել են, որ ադրբեջանական կողմը բազմաթիվ զոհեր տալուց հետո նահանջի:

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ այն տարածքները, որտեղ գիշերային մարտական գործողությունների արդյունքում ներխուժել էր հակառակորդ կողմը, արդեն իսկ ազատագրված են:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է` հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 18 զոհ, մոտ 35 վիրավոր: Օպերատիվ տվյալների համաձայն` հակառակորդի զոհերի թիվը գերազանցում է երկու հարյուրը:




Լրահոս