Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ՝ 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին հուլիսի 24-ի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում: “Ազատություն” ռադիոկայանին այս տեղեկությունը փոխանցեց Խաչատրյանի և Նիկողոսյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Խաչատրյանը և Նիկողոսյանը ձերբակալվել էին հունիսի 1-ին Գորիսի նախկին քաղաքապետ Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ:
Սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը երկու օր առաջ բողոքարկել է քննիչի՝ ավելի վաղ կայացրած որոշումը:
Քննիչը հուլիսի 22-ին որոշել էր մերժել Արտակ Բուդաղյանի պաշտպանի միջնորդությունը՝ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Ըստ Հայկ Ալումյանի՝ օրենքով սպառնալիք կարող է համարվել այն դեպքը, երբ այդ սպառնալիքն իրականացնելու իրական հնարավորություններ են եղել: Տվյալ դեպքում Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հուլիսի 9-ի որոշման մեջ քննիչ Ղազարյանը գրել էր, թե Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, և իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Բայց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը վկայակոչում է ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքը, ըստ որի՝ Բուդաղյանի զենքի մեջ փամփուշտ չի եղել․- “Ես իմ միջնորդությունը հենց այդ հիմքով էի ներկայացրել, որ իրական հնարավորություն չի եղել իրականացնելու նման սպառնալիք, որովհետև զենքը լիցքավորված չի եղել, այդ զենքը կիրառելու որևէ հնարավորություն չի եղել”:
Մանրամասները՝ http://www.azatutyun.am/content/article/25062277.html