«Հայ-թուրքական բազմամյա կոնֆլիկտն է այս իրավիճակի միակ պատճառը, ուրիշ պատճառ չկա, այսինքն՝ հարմար առիթ գտան, արեցին։ Սիրիայում թուրքերին նեղություն են տալիս, հիմա թուրքերը մղվում են Կովկաս։ Ինձ թվում է՝ ամենահավանականը դա է, որ փորձում են այդ կերպ Հայաստանին ենթադրյալ թուլացնելով՝ ռուսներին թուլացնել Անդրկովկասում, որպեսզի նորից ազատություն ունենան Սիրիայի Մոսուլ շրջանում։ Թուրքերի փորացավը Մոսուլն է եւ այլ նավթաբեր շրջանները»,- ArmLur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հույս հայտնելով, որ ռուսները ավանդույթի համաձայն կշարունակեն երկերեսանի Յանուսի քաղաքականությունը։
Նրա խոսքով՝ այժմ ունենք 2 պարտականություն՝ սեփական ուժերով խփել եւ բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանին բերել պատվավոր պարտության եւ աշխատել ռուսների հետ որպես անկախ, արժանապատիվ պետություն առանց որեւէ քծնանքի։
«Այսինքն՝ ասել՝ եթե «դուք պարտականություն ունեք, պետք է կատարեք, ինչպես եւ մենք ենք կատարում ձեր հանդեպ։ Եթե այսօր Արցախը կռվում է Ադրբեջանի դեմ, դա նաեւ նշանակում է Ռուսաստանի շահերի պատշտպանություն»։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր անում անհապաղ դադարեցնել կրակը եւ ցուցաբերել զսպվածություն՝ Լևոն Շիրինյանը նշեց.
«Հրթիռը կախում են Բաքվի վրա, նոր կոչ են անում։ Դա ստից մի հայտարարություն էր։ Կոչը այդպես չեն անում։ Այս անգամ պարզապես 1994-ի խաբկանքը չպետք է առաջացնենք: Մեր վիճակը մնում է ոչ խաղաղություն, ոչ պատերազմ։ Ադրբեջանի տնտեսական պոտենցիալը պետք է շատ մեծ վնաս կրի, որ խելոքանան։ Իսկ մենք այժմ պետք է հաջողություն ցանկանանք մերոնց՝ շարքային զինվորից մինչեւ սպա, գեներալ»։
Սյուզի Մուրադյան