Անթիլիասում հոգեհանգստի արարողություն է մատուցվել ԼՂ շփման գծում զոհված հայ նահատակների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում ապրիլի 3-ին սուրբ և անմահ պատարագի ավարտին տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ադրբեջանի դավադիր հարձակումներին զոհ գնացած նահատակ զինվոր հերոսների և քաղաքացի անմեղ զոհերի հոգիների համար: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը նախագահել է հոգեհանգստի արարողությունը` իր շուրջն ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության միաբան հայրերին:

«Մեր ժողովրդի պատմության մեջ նման դեպքեր միշտ հիշեցում են եղել` մեր միասնականությունն ամրապնդելու «վասն հավատոյ և վասն հայրենյաց» ոգով: Այսօր այս դժվար պայմաններում Ղարաբաղի մեր ժողովրդին զորավիգ կանգնելը մեզ համար առաջնահերթություն է, և մենք գորնականում պետք է արտահայտենք մեր ամբողջական զորակցությունը»,- ասել է Արամ Ա Վեհափառը:

Նորին Սրբությունն ուշի ուշով հետևում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վերջին զարգացումներին և ապրիլի 2-ին կապ է հաստատել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ` հայտնելով իր ամբողջական զորակցությունը:




Լրահոս