ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը «պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով՝ միջազգային գործող և իրավասու մեխանիզմների շրջանակներում»: Այս մասին ասվում է ՀԱՊԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ քարտուղարությունն ուշադիր հետևում է շփման գծում տիրող իրավիճակին: ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումը բազմիցս հայտարարվել է, որն է՝ կրակի դադարեցում և ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորում: Մի բան հստակ է՝ բոլորին միայն խաղաղություն է անհրաժեշտ»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունում հայտնում են նաև, որ Բորդյուժան մշտապես կոնտակտի մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հեռախոսազրույցը: