ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս բարձրաձայնել է, որ դեռեււս 2012թ. դեկտեմբերին ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքն իսկական պատուհաս է դարձել փոքր ու միջին բիզնեսի «գլխին»: Երբ թերթերի խմբագիրներն այս թեմայի շուրջ աղմուկ բարձրացրին, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հրապարակավ խոստացավ, որ ֆինանսների նախարարությունը կրկին կուսումնասիրի օրենքը, որպեսզի հասկանան, թե որտեղ է եղել օրենքում թերացում: Սակայն, ինչպես միշտ, նախարարությունում «սայլը տեղից չի շարժվում»:
Նշենք, որ այս չարաբաստիկ օրենքի ընդունումից հետո, բացի եկամտահարկից, փոքր եւ միջին ձեռներեցները նաեւ շրջանառության հարկ են վճարում, ինչը նշանակում է, որ մանր բիզնեսի հարկերը ՀՀ կառավարությունը գրեթե եռակի անգամ բարձրացրել է: Բանն այն է, որ մարդ կարող է ունենալ սարսափելի մեծ շրջանառություն, բայց ոչ եկամուտ: Դրանք տարբեր բաներ են: Մինչդեռ գործադիրի ներկայացուցիչներն օրենքի ընդունումից առաջ լայն ժպիտներով վստահեցնում էին, թե այդ օրենքը թեթեւացնելու է փոքր ու միջին ձեռներեցների բեռը, թե նրանք ստիպված չեն լինելու մի քանի պատուհանի փոխարեն մեկ պատուհանի մոտենալ եւ կփրկվեն: Սակայն, ինչպես միշտ, եղավ հակառակը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանից պարզել, թե ինչ փուլում է գտնվում շրջանառության հարկի հարցի քննարկումը: «Այստեղ խնդիր ասվածը մի քիչ հարաբերական է, որովհետեւ եթե հարցին նայենք մի փոքր այլ տեսանկյունից, ապա կարելի է նկատել, որ շրջանառության հարկի համակարգը բազմաթիվ առավելություններ ունի նախորդ համակարգի համեմատությամբ: Մասնավորապես, շրջանառության հարկ վճարողներն ազատվել են բարդ հարկային հաշվառում ու գրանցումներ վարելու պարտավորությունից, ազատվել փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից եւ այլն: Ինչ վերաբերում է շրջանառության հարկի դրույքաչափերին, ապա դրանք պատահականորեն չեն ընտրվել ու տեղադրվել օրենքում: Շրջանառության հարկի դրույքաչափերը որոշվել են հարկ վճարողների կողմից նախորդ տարիներին հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունների տվյալների վերլուծության հիման վրա: Այսինքն՝ կատարված վերլուծություններով պարզվել է, թե որքան են կազմում այս խմբի հարկատուների վճարած հարկերի արդյունավետ դրույքաչափերը, եւ դրանք տեղադրվել են օրենքում: Բացի այդ, եթե տնտեսվարող սուբյեկտը չի ցանկանում աշխատել շրջանառության հարկի համակարգում, նա կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել հարկային մարմին եւ դառնալ ավելացված արժեքի հարկ վճարող: Սա հարկատուին հնարավորություն կընձեռի նաեւ հարկման նպատակով հաշվի առնել իր կողմից կատարված ծախսերը: Շրջանառության հարկի համակարգի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ այս պահին որեւէ որոշում չկա, եւ դրա անհրաժեշտությունը հիմա չեմ տեսնում: Ես առնվազն երկու հիմնավորում բերեցի, որոնք կարելի է շարունակել»,-վստահեցրեց Պողոսյանը:
Իհարկե, միշտ կարելի է գեղեցիկ խոսքերով լղոզել իրականությունը եւ «կաբինետային» քաղաքականություն վարել: Բայց չէ՞ որ մարդիկ, որոնք աշխատում են, ամեն ամիս հարկեր վճարելիս զգում են, թե դրանք ինչքան են բարձրացել, եւ ամեն անգամ հիշում են գործող ռեժիմին՝ ապուպապերից սկսած:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս