Արդբեջանական ագրեսիան մեր երկրում հասարակական լայն կոնսոլիդացիա է ապահովել: Քաղաքական ու հասարակական շատ գործիչներ, մի կողմ դնելով իրենց տարաձայնություններն եւ հակասությունները ՀՀ իշխանությունների հետ, մեկ մարդու պես համագործակցում են ՀՀ ՊՆ զինկոմիսարիատների հետ:
ArmLur.am-ը Հրազդանից տեղեկացավ, որ ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբն արդեն երկրորդ օրն է, նախընտրական քարոզչություն չի իրականացնում, քանի որ երեկ գիշեր եւ այսօր ցերեկը միմյանց փոխարինելով Արցախ են մեկնել Սասուն Միքայելյանը եւ նրա նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս պահին Սասուն Միքայելյանը Հրազդանում է եւ զբաղված է իր ջոկատի կամավորներին հավաքագրելով, ցուցակագրելով: Արդեն մեծ թվով կամավորներ են ցուցակագրվել:
Եւ երբ ՀՀ ՊՆ-ից հրահանգեն ուղեւորվել Արցախ, անմիջապես կմեկնեն առաջին գիծ: Իսկ նրա նախընտրական շտաբը` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, Հրազդանում կշարունակի զբաղվել նախընտրական քարոզչությամբ եւ շտաբների համակարգմամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի ընտրություններում առաջադրված են 3 թեկնածուներ. գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, «Հայկական վերածնունդից» Արթուր Միսակյանը եւ «Սասուն» ջոկատի հրամանտար Սասուն Միքայելյանը: