ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԵՐԱԴԱՍԵՑ ԻՐ ԱԹՈՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ից Երեւանում լայն թափ հավաքած բողոքի ակցիաները՝ ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կայացրած որոշման՝ տրանսպորտի գինը բարձրացնելու մասին, երեկ ունեցան տրամաբանական ավարտ: Քաղաքապետը կասեցրեց իր որոշման գործողությունները, ինչը, սակայն, չի նշանակում, որ հարցը վերջնականապես լուծված է:

Ո՞Վ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ
ԳԾԱՏԵՐԵՐԻՆ

«Սիրելի՛ երեւանցիներ, Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ` թերեւս ամենածանր որոշումն էր… այս որոշման գործողությունն իմ կողմից կկասեցվի»,-երեկ հայտարարեց Երեւանի քաղաքապետը՝ չմանրամասնելով, թե մինչեւ երբ հասարակական տրանսպորտի գինը կմնա նախկինի պես 100 դրամ: Չի բացառվում, որ քաղաքապետն ամեն պահի վերանայի իր կասեցման որոշումը՝ կրկին դարձնելով 150 դրամ:
Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ, համատեղության կարգով գծատեր Հենրիկ Նավասարդյանը հայտարարում էր, թե անհնար է չբարձրացնել տրանսպորտի գինը, քանի որ մարդիկ «վնասով են» աշխատում: Իսկ հիմա Տ. Մարգարյանը, փաստորեն, կոչ է անում գծատերերին «յոլա գնալ», մինչեւ լրացուցիչ որոշում կայացնի: Թե ով է փոխհատուցելու գծատերերի վեց ամսվա վնասը, այդպես էլ անհայտ է մնում:

ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ԺՊՏՈՒՄ Է

Իսկ մինչ այդ նկարագրենք, թե ինչ էր տեղի ունենում մայրաքաղաքում: «Ընդդեմ 150 դրամի» ակցիայի մասնակիցները հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առջեւ ու պահանջում էին վերանայել տրանսպորտի սակագնի հարցը: Նրանք երեկ Երեւանի քաղաքապետարան էին տարել նաեւ 50 դրամի պատկերով տորթ՝ վրան գրված՝ «կերե՛ք, կշտացե՛ք»: Պետական բարձր մակարդակով կազմակերպված գեղեցիկ ակցիաների մասին երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձեւավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, եւ մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս եւ պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձեւավորման բոլոր խնդիրների նկատմամբ: Տրանսպորտի սակագների փոփոխությունը հենց այդ ոլորտին վերաբերող խնդիր է, եւ մենք պարտավոր ենք այսուհետ այդ որոշումները կայացնելուց առաջ ապահովել հրապարակային հանրային քննարկումներ եւ դեբատներ»,-ասաց Տ. Սարգսյանը՝ մոռանալով, որ ինքը մշտապես որոշումներ կայացնելիս ականջալուր չի լինում նույն հասարակական կարծիքին:
Օրինակ՝ երեկ կառավարության առաջ հավաքված ակտիվիստները «Հար-յուր», «հար-յուր» վանկարկումներից հետո պահանջեցին նաեւ վարչապետի հրաժարականը՝ միաժամանակ կոչ անելով մյուս քաղաքացիներին միանալ բողոքի ակցիային: Սակայն Սարգսյանը ընդառաջ չգնաց նրանց կոչին:

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԻՆՉ-ՈՐ
ՏԵՂ ՍԽԱԼՎԵԼ ԷՐ

Ինչեւէ, փորձենք հասկանալ, թե ինչու վարկաբեկման այսպիսի մեծ արշավ սկսվեց Տ. Մարգարյանի դեմ, եւ ինչ պատճառով քաղաքապետը զիջեց դիրքերը՝ տեր չկանգնելով իր իսկ որոշմանը: Բնական է, որ գլխավոր պատճառը եղել է իր աթոռի պահպանումը:
Պարզ է, որ Երեւանի քաղաքապետը փորձել է տրանսպորտի գինը բարձրացնել՝ ընդառաջելով գծատերերի խնդրանքներին ու պահանջներին, բայց չխորանալով հաշվարկների մեջ, որոնք, մեղմ ասած, ուռճացված են: Բանն այն է, որ նախընտրական շրջանում Տ. Մարգարյանը (նա եւս գծատեր է) հանդիպել է տրանսպորտի ոլորտում հետաքրքրություն ունեցող մի շարք գործարարների եւ խնդրել, որ նրանք նույնիսկ վարկերի գնով ձեռք բերեն ավտոբուսներ, Երեւանում շահագործեն դրանք, եւ երբ ինքը քաղաքապետ ընտրվի, տրանսպորտի ոլորտն այնպես կկարգավորի, որ ոչ մի գծատեր նեղացած չի մնա, իսկ մարդիկ էլ գոհ ու երջանիկ կլինեն: Բայց չստացվեց: Ավելին, շատ գծատերեր կշարունակեն մնալ վարկերի տակ:
Իհարկե, նաեւ իշխանական պատվերով սկիզբ առած հասարակական դժգոհության ալիքը մտահոգության առիթ դարձավ նաեւ Տ. Մարգարյանի համար, որը, հասկանալով, որ այս անգամ էլ Տ. Սարգսյանն է ցանկանում իր հաշվին դիվիդենտներ ձեռք բերել ու կրկնել «Տարո՛ն, սիրուն չի-2» սցենարը, Սերժ Սարգսյանի հետ ունեցած բավական լուրջ զրույցից հետո խնդիրը կարգավորելու մասին անձամբ հայտարարեց:
Բայց, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վարչապետի շրջապատն արդեն երկու օր է, ինչ Երեւանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրել Երեւանի ապագա քաղաքապետի անունը՝ կարծելով, թե Սերժ Սարգսյանը խիստ է բարկացել Տարոնի վրա: Ըստ այդ լուրերի՝ Երեւանի ապագա քաղաքապետը լինելու է Երեւանի ավագանու ՀՀԿ  ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հովիկ Մուսայելյանը: Եվ որպեսզի Տ. Մարգարյանը պահպանի իր աթոռը, զիջման գնաց:

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՐԿԱՑԵԼ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Տարածված լուրերի համաձայն՝ Մարգարյանը մտերմիկ շրջապատի հետ հերթական խնջույքի ժամանակ բարձրաձայնել է իր հավակնությունների մասին՝ նշելով, թե Հայաստանի քաղաքական դաշտում եղած ՀՀԿ-ականներն իրենց չափով վարկաբեկված են: Ու քանի որ քիչ թե շատ ընկալելի ֆիգուրն ինքն է, հետեւաբար կարող է հանգիստ դառնալ ՀՀ նախագահ: Այս հայտարարությունը նրան չներվեց. ինչպես ասում են՝ «լեզվի սայթաքում, կյանքի խորտակում»: Տ. Մարգարյանին ինչպես որ «փչել» էին՝ փորձելով դարձնել ամենադրական կերպարը, այնպես էլ պայթեցրին՝ հասկացնելով, որ ցանկացած քայլ անելուց առաջ պետք է զեկուցել՝ շարունակելով մնալ հնազանդ: Նկատենք, որ ՀՀԿ-ականներից որեւէ մեկը ծպտուն չէր հանում եւ չէր փորձում պաշտպանել Տարոնին:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴՐՈՒԹՅՈՒՆ

Բայց, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել ներիշխանական խմորումների ընթացքում, պետք է արձանագրենք մի կարեւոր իրողություն. Հայաստանում երեկ քաղաքացիական հասարակությունը տարավ իր ամենախոշոր հաղթանակը: Շարքային մարդիկ, արվեստագետները, լրագրողները, որոնք ակցիաներ էին իրականացնում՝ իրենց սեփական մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխելով, երկրում հարց լուծեցին, ինչը նշանակում է, որ Հայաստանին այլեւս քաղաքական ուժեր պետք չեն: Նրանք հանգիստ կարող են թոշակի անցնել: Բայց սա էլ իր վտանգներն ունի, քանի որ գաղափարախոսություն չունեցող, հայ ազգային նկարագրից կիլոմետրով հեռու երիտասարդները կարող են երկրում դառնալ թելադրող՝ դրանից բխող ամենավատ հետեւանքներով:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս