Դեռեւս 2012թ. հունվարի 18-ին աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել Երեւանի Տիգրանյան փողոցում, երբ մի խումբ երիտասարդներ որոշել էին օրը ցերեկով կրակահերթ բացել: Նրանք հայտնի գործարարների որդիներ էին, որոնք այդպես էլ չպատիժ չկրեցին, եւ նրանց փոխարեն պատժվեցին այլ մարդիկ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել «Նիկօ» կահույքի սրահի հարակից տարածքում: Պարզվել էր, որ կրակոցների հեղինակները «Նիկօ»-ի սեփականատիրոջ եղբորորդին եւ «Դավիդով» ֆիրմայի ծխախոտ ներկրող «Ավերս» ընկերության սեփականատիրոջ՝ Արթուր Մանվելյանի որդիներն էին: Նրանք ինչ-որ աղջկա համար որոշել էին «մենամարտի» բռնվել հենց իրենց «պապաների օբյեկտների» տարածքում, ինչի համար դատարանը այդպես էլ նրանցից ոչ մեկին չպատժեց:
Ըստ ականատեսների` «ջահելությունը» նախ հանգիստ «տոնով» էր զրուցել, հետո սկսել գոռգռալ, իսկ քիչ անց արդեն կրակել էին միմյանց ուղղությամբ: Շատ չանցած՝ հանցագործները փախել էին՝ դեպքի վայրում թողնելով միայն կրակված 13 պարկուճները:
Նշենք նաեւ, որ կրակոցների հետեւանքով վնասվածք էր ստացել միջադեպի մասնակից 23-ամյա Տիգրան Հակոբյանը, որն ապաքինվելուց հետո հիվանդանոցից դուրս էր գրվել:
Դեպքից օրեր անց ոստիկանության բաժնում էին հայտնվել տասնյակ երիտասարդներ, այնուհետեւ ձերբակալվել էին «Նիկօ» կահույքի սրահի սեփականատիրոջ եղբորորդին` 20-ամյա Էդգար Նահապետյանը, եւ «Ավերս» ընկերության սեփականատերերից Արթուր Մանվելյանի որդին` 18-ամյա Նարեկ Մանվելյանը: Ձերբակալությունից 72 ժամ անց, սակայն, նրանք երկուսն էլ ստորագրությամբ ազատ էին արձակվել: Նրանց ազատ արձակումից հետո կալանավորվել էին միանգամայն այլ մարդիկ՝ Էդուարդ Խաչատրյանն ու Վարդգես Դավթյանը: Վերջիններիս նկատմամբ էլ հարուցվել էր քրեական գործ եւ ուղարկվել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այստեղ էլ 2012թ. մայիսի 29-ին դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ հրապարակվել էր նրանց դատավճիռը:
Կայացրած որոշման համաձայն՝ պարզվել է, որ 2012թ. հունվարի 17-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Վարդգես Դավթյանը, գտնվելով Երեւան քաղաքի Ն. Տիգրանյան 16 հասցեում՝ «Նիկօ» խանութ-սրահում, նկատել է սրահի առջեւ հավաքված բազմություն, եղբայրներ Արմեն, Աշոտ եւ Արամ Նահապետյանները Հարություն Բերբերյանի հետ իջել են բակ, որտեղ փորձել են կանխել խանութի վրա հարձակումը: Այդ պահին լսել են կրակոցներ եւ նկատել, թե ինչպես է Արամ Նահապետյանը կրակոցներից անմիջապես հետո ընկել գետնին: Մտածելով, որ նա վիրավորվել է հրազենից արձակված կրակոցից, Արմենն իրեն եւ իր ընկերներին սկսված հարձակումից պաշտպանելու համար դիտավորությամբ «Մակարով» ատրճանակով երեք անգամ կրակել է իրեն անծանոթ Տիգրան Հակոբյանի ոտքերի ուղղությամբ: Գնդակներից մեկը դիպել է Տ. Հակոբյանին, ինչի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ինչպես ասում են, աղմուկ ոչնչից կամ մի կաթիլ մեղրի պատմություն: Եվ այս պատմության մեջ զարմանալին այն է, որ հրապարակման սույն գործով ամբաստանյալ Կլիմենտ Ադամյանը, որը նույն ժամին գտնվել է «Նիկօ» խանութ-սրահի մոտ, նկատել է հավաքված բազմություն եւ դեպի իրեն վազող Արտյոմ Տեր-Սարգսյանին: «Կարծելով, որ վերջինս վիճաբանել է իր մտերիմների հետ եւ նույնիսկ չճանաչելով Ա. Տեր-Սարգսյանին՝ իր որսորդական ողորկափող մեկփողանի ինքնալից հրացանից դիտավորությամբ մեկ անգամ կրակել է Արտյոմին, որից հետո եւս 3 անգամ կրակ է արձակել օդ»,-սա էլ հատված է դատավճռից, որն առաջին հայացքից հեքիաթ է հիշեցնում:
Ամբաստանյալ Ռաֆայել Խաչատրյանն էլ, որն Արթուր Մանվելյանի որդու ընկերն է, պարզվում է՝ իր քրոջ որդուց` Համլետ Գասպարյանից, հեռախոսազանգի միջոցով տեղեկացել է, որ իր ընկեր Նարեկ Մանվելյանը վիճաբանության համար «Նիկօ» խանութ-սրահի մոտ պետք է հանդիպի նույն խանութ-սրահի սեփականատեր Աշոտ Նահապետյանի եղբորորդու, նրա համակուրսեցի Էդգար Նահապետյանի հետ: Ու ո՛չ ավել, ո՛չ պակաս, վերցնելով իր տան բակում ապօրինի պահվող հրազենը, շտապել է «օգնության»: Մինչ նա հասել է դեպքի վայր, բանը բանից անցել է, եւ կռիվ կինոյից հետ չմնալու համար նա ցուցադրել է իր կարողությունները: Գիտակցելով, որ «Նիկօ» խանութ-սրահում աշխատանքային ժամ է, եւ իր գործողություններով կարող է վնաս պատճառել այնտեղ գտնվող անձանց, իր մոտ եղած ինքնաշեն ատրճանակից 4 անգամ կրակել է խանութ-սրահի ցուցափեղկերի վրա:
Ինչեւէ, դատարանը, հաշվի առնելով այս ամենը, արագացված կարգով քննել է սույն քրեական գործը եւ վճռել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ Վարդգես Դավթյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով, Կլիմենտ Ադամյանի նկատմամբ սահմանել ազատազրկում 11 ամիս 27 օր ժամկետով, իսկ Էդուարդ Խաչատրյանին դատապարտել է ազատազրկման 1 տարի 3 ամիս ժամկետով: Վերջիններս իրենց պատիժը կրում են ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Այսպիսով՝ ինչպես նկատում ենք, «պապաների» տղաներն այդպես էլ չպատժվեցին, նրանց փոխարեն «դիտորդի» դերում հայտնվածները «համտեսեցին» անազատության «պտուղները»: Թեեւ նրանց նկատմամբ էլ խիստ դատավճիռ չկայացվեց: Կ. Ադամյանն այժմ ազատության մեջ է, իսկ Վ. Դավթյանն ու Էդ. Խաչատրյանը մեկ ամիս հետո ազատ կարձակվեն:
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՊԱՏԺՎԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ