Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ հայտարարություն է տարածել Լատվիայի արտքին գործերի նախարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և վերադառնալ հրադադարին:
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է խուսափեն հակամարտության գոտում իրավիճակը լարող քայլերից և հայտարարություններից: ԱԳՆն իր ցավակցություններն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին», նշված է հայտարարության մեջ: Լատվիան նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին ջանքեր գործադրել հրադադարի վերականգնման ուղղությամբ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: