ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը համոզված է, որ Արցախի հիմնախնդիրը դեռ երկար ժամանակ չի լուծվի, իսկ ստատուս քվոն կպահպանվի տասնյակ տարիներ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք՝ ԼՂ խնդիրը լուծվի մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը, վարչապետը բացասական պատասխան տվեց. «Ես այն կարծիքին եմ, որ այս իրավիճակը՝ ստատուս քվոյի պահպանումը, դեռ շատ երկար է շարունակվելու: Իհարկե, սա իմ անձնական կարծիքն է»: Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, ԼՂՀ վարչապետն անիմաստ է համարում Ադրբեջանի հետ բանակցություններ վարելը. «Երբ մենք զգանք ինչ-որ տեղաշարժ, որ հնարավոր է բանակցություններով լուծել, այդ ժամանակ կարելի է փորձել բանակցությունների սեղանին նստել»:
Հիշեցնենք, որ 1998թ. Ռոբերտ Քոչարյանի «թեթեւ ձեռքով» ղարաբաղյան կողմը դուրս մնաց բանակցային սեղանից: Ընդ որում, ԼՂՀ-ի՝ բանակցային սեղանից դուրս գալը կարելի է համարել այդ գործընթացում հայկական կողմի մեծագույն ձախողումներից մեկը: Ուստի ԼՂ վարչապետին հարցրինք՝ արդյոք իր հայտարարությունները նշանակում են, որ իրենք չեն ուզում վերադառնալ բանակցային սեղան: «Այնուամենայնիվ, մենք պետք է այնտեղ լինենք: Դուրս գալ-չգալն այլեւս էական չէ: Եթե այսօր էլ մեզ ասեն, թե եկե՛ք բանակցենք, ապա ի՞նչ թեմայի շուրջ պիտի բանակցենք: Ի՞նչ է ասում այսօր Ադրբեջանը մեզ. «Հետ վերադարձնել ողջ ազատագրված տարածքները, Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, եւ փախստականները պետք է վերադառնան Ղարաբաղ»: Այսինքն՝ դա նշանակում է միանգամից թողնել Ղարաբաղն ու գնալ: Ինչի՞ մասին բանակցենք: Այս թեմայո՞վ,-ասաց ԼՂՀ վարչապետն ու հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն էլ պատրաստ չէ ԼՂՀ-ի հետ բանակցելու ե՛ւ հոգեպես, ե՛ւ բարոյապես,-դրա համար էլ մենք կարծում ենք, որ պետք է մտածենք Արցախի զարգացման մասին, Արցախի ժողովրդագրական իրավիճակի բարելավման մասին, հայությանը պետք է ներգրավենք Արցախի զարգացման ուղղությամբ: Սա պետք է լինի մեր հիմնական աշխատանքը, որպեսզի հարցն ավելի շուտ ավարտին հասնի»:
Այս համատեքստում ԼՂՀ վարչապետի հետ զրուցեցինք նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ավելի քան 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքի մասին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե դա ինչպես կազդի տարածաշրջանում հավասարակշռության վրա, Արա Հարությունյանը նշեց. «Ցավալի է, որ Հայաստանի գործընկեր պետությունը, նաեւ համանախագահող երկիր լինելով, թույլ է տվել նման քանակի զենք վաճառել: Դրան այսօր ես չեմ կարող գնահատական տալ: Բայց ես մի բան գիտեմ՝ Ադրբեջանը եթե Ռուսաստանից չգներ այդ զենքը, ապա կգներ այլ երկրից: Այսօր նա շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի, Թուրքիայի, Ուկրաինայի հետ, ընդհուպ՝ Բելառուսից է զենք գնում: Այնպես որ, եթե փողը կա, ապա զենք կճարի»: Ըստ ԼՂՀ վարչապետի՝ իրենք պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի նմանօրինակ գործողությունների դեմ. «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ, այո՛, մենք այդ ուղղությամբ աշխատանք կատարում ենք: Եվ, բարեբախտաբար, այսօր մեր տարածաշրջանում խաղաղությունը դեռ երկար պահպանվելու է՝ շնորհիվ մեր պաշտպանության բանակի: Չեմ ուզում մանրամասնել, բայց քայլեր ձեռնարկում ենք՝ զենքի, զինատեսակի շատ տարբեր տեսակներ եւ, ինչու չէ, այլընտրանքային տարբերակներ: Այնպես որ, համոզված ասում եմ՝ ցանկացած պարագայում մեր անվտանգությունն ապահովված է, մենք ապահովելու ենք»:
Ի դեպ, Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման համատեքստում ԼՂՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ստեփանակերտում հասարակական տրանսպորտի ուղեվարձին: Նշենք, որ ԼՂՀ մայրաքաղաքում ուղեվարձը 70 դրամ է: Արա Հարությունյանի խոսքով՝ թեեւ իրենց մոտ եւս տրանսպորտի ուղեվարձի բարձրացումն անխուսափելի է, սակայն իշխանությունները թույլ չեն տալիս այդ քայլին գնալ, քանի դեռ երկրում չեն բարձրացրել թոշակներն ու աշխատավարձերը: Ըստ նրա՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը նախատեսված է 2014թ. հունվարի 1-ից, եւ դրանից հետո տրանսպորտի ուղեվարձը կարող է հասնել մինչեւ 100 դրամ: Նա տեղեկացրեց, որ Ստեփանակերտում հասարակական տրանսպորտը սպասարկում է երկու ընկերություն՝ մեկը՝ մասնավոր, մյուսը՝ պետական: Վարչապետի խոսքով՝ այդ ընկերություններն աշխատում են վնասով, եւ դեֆիցիտը փակում է կառավարությունը:
ԵՐԲ ԶԳԱՆՔ ՏԵՂԱՇԱՐԺ, ԿԲԱՆԱԿՑԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ