Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով Շվեդիայի ԱԳ նախարարի թվիթերյան միկրոբլոգը, Վալստրյոմը ցավակցություն է հայտնել մարդկային կյանքերի կորուստների համար: «Կոչ եմ անում պահպանել հրադադարը: Կարգավորման և խաղաղության միակ ճանապարհը բանակցություններն են, ոչ թե ուժը», շեշտել է Մարգոտ Վալստրյոմը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1ի լույս 2ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:
Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 15 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3ին՝ ժամը 06:00 ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: