Թալիշում Խալափյանների ընտանիքի գնդակահարման ժամանակ բնակիչները գյուղից դեռևս չէին տարհանվել և գյուղի մյուս ծայրում սպանության կրակոցները լսելի են եղել: Այդ մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ Վալերա Խալափյանի մորը` 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին, ով գտնվում էր առողջական ծանր վիճակում: Խալափյանները բնիկ թալիշցիներ էին:
«Գիշերվանից հրահանգ էինք ստացել` առաջնահերթությամբ տարհանել երեխաներին և մեծահասակներին: Լուսաբացին բնակիչներին հրավիրել էինք գյուղապետարան` տարհանումը կազմակերպելու համար: Հենց այդ ժամանակ էլ սկսեց ուժեղ հրետակոծություն: Խալափյանների ընտանիքն ապրում է թշնամու ուղիղ նշանառության ներքո: Այդ ուղղությամբ հարվածները շատ ավելին են: Դեպքի ժամանակ Խալափյանների որդին իր երեխաներին հասցրել էր հեռացնել տնից: Իմ կարծիքով, այն ժամանակ, երբ դիվերսիոն խումբը մտել է բնակարան, գյուղի հեռվում կրակոցները լսելի են եղել:
Այդ ժամանակ գյուղը դեռևս ամբողջությամբ չէր տարհանվել և սպանության ժամանակ մենք գյուղում ենք եղել», ասաց Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ Խալափյանների որդին բազմազավակ հայր է, ունի վեց երեխա: Նրանք ապրում էին ծնողների հետ: «Խալափյանների որդին չէր հասցրել ծնողներին ևս տարհանել, ինչ որ տեղ նաև հրետակոծության պատճառով», նշեց Թալիշի համայնքապետը: «Ներկա դրությամբ Թալիշի շրջանում կրկին լսվում են կրակոցներ , սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես ապրիլի 2ին», ասաց համայնքապետը