Կանադայի ԱԳ նախարարը կոչ է անում ԼՂ հակամարտության գոտում հաստատել իրական հրադադար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում գրանցված բռնությունների աճով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Կանադան խորապես հավատում է, որ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորումը այլընտրանք չունի: «Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անմիջապես վերադառնալ իրական հրադադարի և ակտիվորեն վերականգնել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,­ շեշտել է Ստեֆան Դիոնը:

Ապրիլի 1­-ի լույս 2-­ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-­ին ժամը 08:30­-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ­21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12­-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1­-ի լույս 2-­ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200 ­ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 15 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-­ին՝ ժամը 06:00­ ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:




Լրահոս