ԱՅԳԵԳՈՐԾ ՄԱՐԶՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը որոշել է բավարարել Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցը եւ հօգուտ պետական բյուջեի  «Այրումի պահածոների գործարան» ԲԲԸ-ից  բռնագանձել 4 մլն 53 հազ. դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին պատկանող այս գործարանը Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձ ընդունող եւ վերամշակող միակ գործարանն է: Հիմա երբեմնի հզոր այս գործարանը հայտնվել է ֆինանսական վատ վիճակում: Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի լավ բերք կա, թեեւ  կարկտահարության հետեւանքով բերքի մի մասի որակը տուժել է: Նոյեմբերյանի այգեգործները մտավախություն ունեն, որ աճեցրած բերքը չեն կարողանալու իրացնել:  Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանից տեղեկացանք, որ «Սպայկա» ընկերությունը գյուղում մի քանի խոշոր բեռնատար դեղձ է ընդունել՝ կգ-ն 125 դրամով: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանն ասաց, որ իրենց մոտ դեղձը վաճառվում է 100-150 դրամով:   Նոյեմբերյան քաղաքում էլ դեղձը 100-150 դրամով է վաճառվում: Բագրատաշենի բնակիչները մեզ հայտնեցին, որ գյուղացիների մի մասը, չկարողանալով դեղձն իրացնել, դրանից օղի է թորում:
Դեղձի իրացման, արտահանման եւ մթերման խնդիրների կապակցությամբ հուլիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Պտղավան գյուղում հանդիպում են ունեցել պտղաբույծների, համայնքների ղեկավարների հետ: Ռ. Մակարյանը հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի միրգ արտահանող եւ վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Արմեն Ղուլարյանն այդ խորհրդակցություն-քննարկման ժամանակ, թուղթը եւ գրիչը ձեռքին, դեղձի բերքի հետ կապված հաշվարկներ է արել` նշելով, որ ակնկալվող 5000 տոննա դեղձից 2000 տոննան մթերվելու է, իսկ 1000-1200 տոննան՝ արտահանվելու: Հիշում ենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անասնապահներին խորհուրդ էր տալիս կթից առաջ գոլ ջրով լվանալ կովերի կուրծքը: Մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար Ա. Ղուլարյանն էլ փաստացի իր սեփականությունը հանդիսացող մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խորհուրդ է տվել այգեգործներին. «Համոզվեցինք՝ շատ դեպքերում գյուղացու ձեռքը չի գնում… պետք է պակասեցվի պտուղը, պտղաթափ արվի, որպեսզի մնացած պտուղն ավելի որակյալ լինի, մեծ լինի, որպեսզի կարողանանք շուկա հանել»: Մարզպետն ասել է, որ պետք է ինտենսիվ, հակակարկտային պաշտպանությամբ ցանցապատ այգիներ ստեղծվեն: Թե երբ, ինչ միջոցներով կստեղծվեն այդ այգիները, չի մանրամասնել: Նշենք, որ նա ավելի քան 14 տարի որպես մարզպետ պաշտոնավարում է, սակայն Տավուշի մարզում հակակարկտային ոչ մի կայան չկա:
Առաջիկա օրերին Դեբեդի հովտի այգիների մեծ մասի դեղձը կհասունանա: Հայտնի չէ, թե որ կազմակերպություններն են ակնկալվող մոտ 5 հազար տոննա դեղձի գոնե մի մասը մթերելու: Երբ կառավարությունը չի կամենում կամ կարողանում օգնել, գյուղացիներին խորհուրդներ է տալիս:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս