ՀԱՐՑ. Եթե անձը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ձեռք է բերել նաեւ այլ երկրի (Ֆրանսիայի) քաղաքացիություն, ապա նման դեպքում օրենքը թույլ տալի՞ս է նրան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից՝ ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում, կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված պետությունների: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, շատ ցավալի է, որ վերջին շրջանում ավելացել է ՀՀ-ից փախչող ու, առավել եւս, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող երիտասարդների թիվը: Եվ, չնայած այս ամենին, իշխանությունները ոչ մի լուրջ եւ վճռական քայլ չեն իրականացնում` իրավիճակը փոխելու համար: