ՀԱՐՑ. Ցանկանում եմ մանրամասնորեն տեղեկանալ, թե ինչ է կատարվում այն մարդու հետ, որը վրաերթ է կատարում, որի հետեւանքով մարդ է մահանում, իսկ ինքը փախուստի է դիմում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետեւանքների առաջացման դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն օրենքի 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայն՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բազմիցս հորդորել ենք մեր քաղաքացիներին, որ նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու եւ պատասխանատվությունից խուսափելու համար հարկավոր է արագ չերթեւեկել եւ լինել հնարավորինս զգույշ: