Արցախը մեր հայրենիքն է, և յուրաքանչյուրիս պարտքն է կամավորագրվել նրա պաշտպանությանը:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հյուսիսային ուղղության ռազմագործողություններին մասնակցելու համար կամավորագրված Սիրիայից վերջերս Արցախում հաստատված, կամավորական Հովհաննես Ասմարյանը:«Ես ևս, որպես Արցախցի, եկել եմ մյուս տղաների հետ պաշտպանելու հայրենիքս: Բոլորի տրամադրությունը շատ բարձր է՝ և ՛ զինվորների, և ՛ բնակչության, և ՛ կամավորների: Այնքան բարձր, որ այն տպավորությունն է, որ կարծես տղերքը ֆուտբոլ խաղալու են գնում»,- ասել է Հովհ. Ասմարյանը:
Կամավորական Արթուր Սարուխանյանը, ով հիվանդության պատճառով կորցրել է մեկ ձեռքը, նույնպես կամավորագրվել է հյուսիսային ռազմաճակատում: Նշում է, որ սկզբում կտրուկ հրաժարվում էին կամավորագրելուց, սակայն երկար համոզելուց հետո իրեն մի կերպ հաջողվել է գնալ առաջնագիծ:
«Հենց տեղեկացա թշնամու ոտնձգության մասին: Անմիջապես գնացի Արցախի Ազատամարտիկների միություն և կամավորագրվելու դիմում ներկայացրի: Շատ էի ուզում գալ, լինել բոլորի հետ: Համոզեցի, ստացվեց: Արդեն մի ձեռքով հաջողությամբ կրակային պատրաստություն եմ ունեցել և ինձ պատրաստ եմ զգում մասնակցելու մարտական գործողությունների»,- ասել է կամավորը:
Ազատամարտի վետերան 56-ամյա Գարիկ Գալստյանն ասել է, որ, տեսնելով երիտասարդների հոսքը դեպի Արցախի Ազատամարտիկների միության շենք, միացել է նրանց և, տեղեկանալով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, անմիջապես կամավոր է գրանցվել ու եկել առաջնագիծ:
«Մեր նախորդ կռիվը կիսատ մնաց: Չթողեցին՝ մինչև վերջ հասցնենք: Հիմա եկել ենք ավարտելու կիսատ թողածը: Բոլորիս մարտական ոգին բարձր է»,- ասել է կամավորական Գ. Գալստյանը: