Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ Free car կոչվող ակցիան, որի շրջանակներում շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից շատերն իրենց մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխում էին, սկիզբ առավ դերասան Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) շնորհիվ, որին ավելի ուշ միացավ նաեւ Մկրտիչ Արզումանյանը (Կարգին Մկո): Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելու առթիվ “Ժողովուրդ”-ը մի քանի հարց ուղղեց սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանին:
-Պարո՛ն Արզումանյան, մինչ այդ Հայաստանում առաջացած որեւէ սոցիալական խնդրի երբեւիցե դերասանները նման ակտիվությամբ չէին “խառնվել”: Մինչդեռ այս անգամ բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում եւ Դուք, համախմբված ու հետեւողական կերպով պայքարեցիք: Ո՞րն էր պատճառը:
-Նախ նշեմ, որ նախաձեռնողը Հայկ Մարությանն էր, որոշեցինք այս անգամ մասնակցել ու, այսպես ասեմ, կողքով չանցնել: Ես ողջունեցի այդ ակցիան ու որոշեցի մասնակցել: Ու շատ երջանիկ եմ, որ ստացվեց այդ ամենը: Գործընկերներս այս ուղղությամբ ավելի շատ են աշխատել, ես քաղաքում չլինելու պատճառով ավելի ուշ միացա նրանց: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ նախկինում չենք մասնակցել, բայց հիմա մասնակցել ենք: Հիմա մասնակցել ենք ու արդյունքի ենք հասել:
-Պարզապես Հայաստանում սոցիալական, բնապահպանական եւ այլ բնույթի խնդիրները շատ են, որոնց դեմ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ պայքարել են, սակայն դուք երբեւէ չեք միացել…
-Այո՛, ճիշտ եք ասում: Ես էլ արդեն նշել եմ, որ լավ կլինի՝ հետեւողականություն ցուցաբերենք նաեւ մյուս հարցերի շուրջ, որովհետեւ Հայաստանում շատ ավելի լուրջ եւ շատ ավելի ցավոտ խնդիրներ կան լուծելու: Շատ լավ կլինի, որ մենք նույն այս ձեւով համախմբվենք: Իսկ մասնակցելու հետ կապված նշեմ, որ ես չեմ կարծում, թե մենք չենք մասնակցել: Ո՛չ, մենք էլ մասնակցել ենք մեր ձեւով, անընդհատ մեր հաղորդումներում անդրադարձել ենք ցանկացած սոցիալական պրոբլեմի: Մենք ունեցել ենք “No comment” շոու ծրագիր, որտեղ շատ ավելի կոպիտ անդրադարձել ենք նույն այդ պրոբլեմներին: Այնպես որ, եթե ցանկանում եք այդ պրիզմայից նայել, խնդրե՛մ, նայե՛ք, դա Ձեր իրավունքն է: Բայց ես գիտեմ, որ մենք անընդհատ անդրադառնում ենք այդ պրոբլեմներին եթերից ու բազմիցս ստանում ենք ժողովրդի կողմից նման խոսակցություն, թե արդյոք ձեզ բան չեն ասում դրա համար:
-Այնուամենայնիվ, հանրության մի հատվածի մոտ կարծիք է ձեւավորվել, որ այս օրերին տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիաները կազմակերպված են իշխանության կամ էլ կոնկրետ մեկ-երկու պաշտոնյաների կողմից: Եվ դա է պատճառը, որ այդքան թվով հայտնի մարդիկ ներգրավվեցին այդ պայքարում: Իրականում նման բան կա՞:
-Որեւէ ուղղորդում չի եղել, չգիտեմ, թե դա ում տարբերակն է, երեւի ինչ-որ մտավոր, թերի մարդկանց մտածելակերպն է, համենայնդեպս, այս ամենը ես արել եմ ի սրտե: Ու հիմա ես շատ երջանիկ եմ, որ ստացվել է, եթե ինչ-որ մի բան լիներ տակը, ես ինձ երջանիկ չէի զգա: Իսկապես ուրախ եմ, որ իմ գործընկերների նախաձեռնությամբ, բոլորի օգնությամբ նման արդյունք գրանցվեց:
-Իսկ առհասարակ Դուք գո՞հ եք Հայաստանում տիրող իրավիճակից, եթե նկատել եք, օր օրի արտագաղթողների թիվն ավելանում է, երկրում աղքատությունը գնալով աճում է: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ դերասաններին այս ամենը չի հետաքրքրում, քանի որ իրենք կարողանում են նորմալ վաստակել իրենց ապրուստի համար: Տպավորություն է, որ հասարակությունից կտրված եք ապրում…
-Իսկ ո՞վ է ասել, որ մենք ժողովրդից կտրված ենք ապրում: Եթե ես ժողովրդի կողքին չլինեի, ժողովուրդն իմ համերգին չէր գա: Ես այս երկրի քաղաքացին եմ, ամեն ինչ ինձ հետաքրքրում է, ես ուզում եմ այս երկրում ապրել ու վերջանալ այս երկրում: Այս երկրում ինձ անհանգստացնում է այն ամենը, ինչ շնչում է ժողովուրդը, այն, ինչ կատարվում է, ինչ կոտրվում է… Ես ո՞նց կարող եմ գոհ լինել այս ամենից:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 587 համար