ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսել է հրապարակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների անունները:
Նրանցից մեկը ՊԲ N զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանն է:
Արմավիրի մարզի Ապագա գյուղի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հովսեփ Կիրակոսյանը զոհվել է ապրիլի 2-ի լույս գիշերը Մատաղիսում ստացած որովայնային վնասվածքի հետևանքով:
«Անմիջապես տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, սակայն վնասվածքը շատ խորն էր, փրկել չի հաջողվել: Շատ պարկեշտ մարդ էր, խելացի ընտանիքի երեխա»:
28-ամյա Հովսեփ Կիրակոսյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Ստեփանակերտ: Ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս որդի:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: