ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 4-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին:
Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահություն է հայտնել, որ Կնեսետի խորհրդարանականների այցն արդյունավետ կլինի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Տիկին Նաղդալյանն առանձնապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ համատեքստում նշանակալի դերակատարություն վերապահել բարեկամական խմբերին: ԱԺ փոխնախագահի խոսքով, երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր բնագավառներում, որոնցից են մասնավորապես, առևտրատնտեսական, մշակութային, գյուղատնտեսական, ոլորտները, քաղավիացիան և տուրիզմը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել ցեղասպանությունների ճանաչման և կրկնության կանխարգելման գործում Իսրայելի ներդրումը և կարևորել Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ կապված զարգացումները: Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ Կնեսետի արձագանքն այդ կապակցությամբ ծանրակշիռ կլինի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կառավարությանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար և հույս հայտնել, որ առաջիկա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին Իսրայելի պատվիրակությունը մասնակցություն կունենա:
Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ եղավ հայ ժողովրդի համար ներկա ծանր իրավիճակին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ահաբեկչական և ագրեսիվ քաղաքականության մասին, որն առավել սրվել է վերջին օրերին: ԱԺ փոխնախագահը այս համատեքստում կարևորել է միջազգային հանրության միջամտությունը և հույս հայտնել , որ Իսրայելը, որպես ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունեցող պետություն, իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին:
Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաև` տարբեր ոլորտներում գործուն համագործակցության անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց արդյունքում արդեն ուրվագծվել են կոնկրետ ծրագրեր` ուղղված գործարար կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Տիկին Պլոսկովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը և միասնաբար պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններին` Թալի Պլոսկովն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին և խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները` որակելով դրանք որպես ահաբեկչություն` ուղղված ողջ տարածաշրջանին: Կնեսետի փոխխոսնակը կիսելով հայ ժողովրդի մտահոգությունը` իր պատրաստակամությունն է հայտնելª համատեղ բարձրաձայնելու ստեղծված անընդունելի իրավիճակի մասին և կոչ արել Ադրբեջանին դադարեցնել այդ` որևէ տեղ չտանող քաղաքականությունը:
ՀՀ ԱԺ