Դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ հեռուստադիտողին հայտնի է որպես “Բանակում” եւ “Քաղաքում” սերիալների Մխո: Հովհաննեսը նշում է, որ իրական կյանքում ինքն իր կերպարին բացարձակ նման չէ. “Ուղղակի կերպար է, վերցրել եմ առօրյայից, տարբեր տղաներից, բակից… Բոլորը գումարել եմ իրար, ու ստացվել է Մխոյի կերպարը”:
-Ձեզ ամենից շատ երեխաներն են կրկնօրինակում: Չե՞ք կարծում, որ նրանց վատ օրինակ եք ծառայում:
-Ես էլ եմ շատ լսել, բայց կարծում եմ, որ երեխաների ծնողներից է կախված: Ես կամ հեռուստաընկերությունն այդքան էլ մեղավոր չենք: Որովհետեւ եթե ծնողը կարծում է, որ դա վատ օրինակ է, հակադաստիարակչական բան է, ինքը թող թույլ չտա, որ երեխան նայի:
-Երբ Ձեզ դրսում հանդիպում են, ինչպե՞ս են արձագանքում:
-Մոտենում են, խոսում ջերմորեն, հարցեր ուղղում, նկարվում, շփվում:
-Հաճա՞խ եք լինում հասարակական վայրերում:
-Քիչ չեմ լինում: Չեմ խուսափում հանրության մեջ երեւալուց, բայց եթե ուզում եմ հանգիստս վայելել, հանգիստ վայր եմ ընտրում` ոչ մարդաշատ: Ազատ ժամանակ հազվադեպ եմ ունենում, հիմնականում աշխատանքի մեջ եմ:
-Ժամանցի ինչպիսի՞ վայրեր եք նախընտրում:
-Շատ հազվադեպ կարող է բիլիարդ խաղալու գնամ, բայց փոքրիկ ջազ համերգներ եմ սիրում:
-Հանդիսություններ վարո՞ւմ եք:
-Թամադայություն չէ, բայց կորպորատիվ երեկոներ մեկ-մեկ լինում են:
-Մենք սովոր ենք Ձեզ տեսնել հումորային կերպարներում, Դուք Ձեզ այլ կարգավիճակում պատկերացնո՞ւմ եք:
-Իհարկե, եթե դերասան ես, պետք է ամեն ինչ էլ խաղաս: Բայց ինձ մոտ էնպես է ստացվել, որ հումորային եմ խաղացել, ու այդպես էլ գնում է: Ես տիրապետում եմ իմ մասնագիտությանը, կկարողանամ խաղալ թեկուզ դրամատիկ դեր: Ուղղակի հայերի վատն այն է, որ եթե քեզ ինչ-որ մի կերպարում տեսել են, դրանից այն կողմ էլ չեն ուզում պատկերացնել:
-Սերիալում նկարահանվելով՝ մտավախություն չկա՞, որ հետո լուրջ ֆիլմերից առաջարկներ չեն լինի, կասեն` սերիալի տղան է, ու այդպես էլ կընկալեն:
-Մեկ-մեկ իմ մտքով անցնում է նման բան, բայց չեմ կարծում, որ այդ պիտակը կմնա: Վերջերս նկարվեցի մի գեղարվեստական ֆիլմում, փոքրիկ դեր էր՝ կրկին կատակերգական ժանրում: Հայ ռեժիսոր էր` Ռուսաստանից եկած, այդ աշխատանքը ցուցադրվելու է դրսում:
-Թատրոնում խաղո՞ւմ եք, դերեր ունե՞ք:
-Դուրս եմ եկել մի քանի ամիս առաջ: 12 տարի աշխատում էի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:
-Ինչո՞ւ դուրս եկաք:
-Զբաղվածությանս պատճառով եւ որոշ այլ ներքին խնդիրների, որոնք կարիք չկա մանրամասնելու: Ես ուղղակի չցանկացա այդ մթնոլորտում աշխատել: Շուտով կմտնեմ թատրոն, բայց ոչ Սունդուկյան:
-Հիմա արտագաղթելը, մանավանդ երիտասարդների շրջանում, շատ տարածված երեւույթ է: Եթե հնարավորություն ունենայիք, կմեկնեի՞ք դուրս:
-Ես ու իմ ընկերը` սցենարիստ Էդգար Կոստանդյանը, գրել ենք մի պրոյեկտ, որտեղ ես խաղում եմ: Այն կոչվում է ,CLUBnik one man comedy showե: Հումորի միջոցով խոսվում է կարեւորագույն ակտուալ թեմաների մասին ու վերջում` ժամուկես ծիծաղից հետո, ես բեմից խոսում եմ արտագաղթի մասին, ինչն օրհասական է այսօր այս երկրի, ժողովրդի համար: Պատկերացրե՛ք, որ վերջում հանդիսատեսն արտասվում է, որովհետեւ բոլորի սրտից է այդ խոսքը, բոլորին է սպառնում այդ վտանգը: Վերջում ես ասում եմ, որ հուսով եմ ու դեռ հավատում եմ` բոլորը մի օր հետ կգան ու կապրեն իրենց հայրենիքում, իրենց հողի վրա ու իրենց տներում: Ես դեռ հավատում եմ: Բայց ասեմ մի բան, եթե գնալով վատացավ, ու ես տեսնում եմ, որ ամեն ինչ գնալով վատանում է, թանկանում է, նեղվում, ընկճվում է ժողովուրդը… Եթե շարունակվի նման կերպ, ոչ մի մարդ չի մնա այս երկրում, արտագաղթի տեմպերը տասնապատիկ կաճեն, կմնա երեւի մի կես միլիոն մարդ, ինչը, կարծում եմ, ոմանց սրտով է, ձեռք է տալիս: Ու հենց դրա համար են արվում այս թանկացումներն ու ժողովրդին ընկճելու փորձերը:
-Հետաքրքրվո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական կյանքով:
-Ես այս երկրի քաղաքացիներից մեկն եմ, ու ինձ հետաքրքրում է իմ երկրի այսօրվա ու վաղվա օրը: Յուրաքանչյուր մարդու` անկախ սեռից, տարիքից, պետք է հետաքրքրի իր երկրի ճակատագիրը, որովհետեւ դու ես քաղաքացին:
-Ի՞նչ նոր նախագիծ եք պատրաստվում ներկայացնել:
-Մի նախագիծ կա` “Լավագույն ձայն”, այն պաշտպանության նախարարի հրամանով, ստորագրությամբ արդեն հաստատվել է, եւ շուտով ես ու իմ գործընկեր Էմիլը պտտվելու ենք Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր զորամասերով:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 587 համար