Երեւանի քաղաքապետարանի դիմաց այս պահին լարված իրավիճակ է։ “Վճարում ենք 100 դրամ” նախաձեռնության ակտիվիստները փորձել են վրան տեղադրել նստացույց կատարողների համար։ Սակայն ոստիկանությունը՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, չեն թույլատրում։
Քաշքշոց ու հրմշտոց է սկսվել։ Իսկ ակտիվիստներից փաստաբան Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնի բաժին։
Ակտիվիստները պնդում են, որ իրենք իրավունք ունեն այնտեղ վրաններ տեղադրել: Անձամբ Վալերի Օսիպյանի ցուցումով՝ ոստիկանները վրանը վերցրին ցուցարարներից և դրեցին ոստիկանական մեքենայի մեջ:
Ոստիկանների և ակտիվիստների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, որտեղ էլ մասնակիցներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատացավ. նրան այս պահին օգնություն է ցուցաբերվում:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բերման կենթարկվեն եւ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն վրան տեղադրել:
Ակտիվիստները վանկարկում են “ամոթ, ամոթ”: Իրավիճակը շարունակում է լարված մնալ։