Կիպրոսի Հանրապետության կառավարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում/ Արցախում (Կիպրոսի կառավարության հաղորդագրության ձևակերպումը հեղ.) տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին` Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրադադարի խախտումներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «Կիպրոսի կառավարությունն ընդգծում է խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կարևոր դերը: Միաժամանակ կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որոնք կարող են հետագայում ապակայունացնել իրավիճակը», -նշվում է հայտարարության մեջ:
Կիպրոսի կառավարությունը նաև դատապարտել է ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկային կյանքերի, մասնավորապես քաղաքացիական անձանց կորուստների: «Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել status quo anteն (նախկինում գոյություն ունեցած իրավիճակ հեղ.)»,- ասվում է հայտարարության մեջ