Օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում կկայանա “DigiCamp” ամառային տեխնոլոգիական ձեռներցության ճամբարը: Միջոցառումը, որի գլխավոր գործընկերն է “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline), նպատակ ունի համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:
DigiCamp-ի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտի առաջնորդների հետ, կլսեն նրանց հաջողության պատմություններն ու կբացահայտեն առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները: Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերել կիրառական գիտելիքներ, ինչպիսիք են` նոր ընկերության գրանցում, հարկային օրենսդրություն, բիզնես պլանավորում, նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացումը և այլն: Մասնակիցները կունենան 10 օր ժամանակ` մասնագետների խորհուրդներով իրենց բիզնես գաղափարը զարգացնելու և իրականացման համար պատրաստ բիզնես նախագիծ ունենալու համար:
Ճամբարին մասնակցում են 16-30 տարեկան անձիք, ովքեր ներկակացրել են ինովացիոն լուծում պարունակող բիզնես գաղափար: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան դրամական մրցանակներ, հնարավորություն կունենան մասնակցել բիզնեսի զարգացմանը նպաստող միջոցառումների, մասնավորապես`կմասնակցեն հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:
Նշենք, որ DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև “Դ-Լինկ”ընկերությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: