ԼՂ խնդիրը պետք է լուծվի` այդ թվում ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ԱՄՆ կառավարության այս դիրքորոշումը հայտարարեց ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Տոները:
Մարկ Տոների խոսքով՝ Վաշինգտոնը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է արդար լուծում ստանա՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնագրքի եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Դա նշանակում է ՝ հաշվի առնել առաջին հերթին ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները՝ հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը:
Ինչպես նա նշել է, Վաշինգտոնում ելնում են նրանից, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման համար քաղաքական կամքը պետք է մոբիլիզացնեն Բաքուն եւ Երեւանը, եւ ոչ թե որեւէ այլ մեկը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի միջնորդությամբ ընթանում են հակամարտության կարգավորման բանակցությունները: Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է «գտնեն խաղաղության հասնելու քաղաքական կամք»՝ ասել է ամերիկյան դիվանագետը: Նա կոչ արեց ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին ապասանձազերծել Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: Բացի այդ, Տոները հաստատել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է բռնությունը, որը բռնկվել է Լեռնային Ղարաբաղում: