Պռոշյանի գյուղապետարանի 13-հոգանոց աշխատակազմը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նորընտիր գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին: Այս քայլով գյուղապետարանի աշխատակիցներն արտահայտել են իրենց բողոքը Պռոշյանի նախկին գյուղապետ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի սպանության գործի չբացահայտման կապակցությամբ՝ միաժամանակ շեշտելով, որ կասկածելի ընտրությունների արդյունքում գյուղապետ դարձած Մուրադյանի հանդեպ անվստահության լուրջ մթնոլորտ կա համայնքում: Հիշեցնենք նաեւ, որ այդ սպանությունը շատերը կապում են հենց Ա. Մուրադյանի անվան հետ:
Գյուղապետարանի աշխատակազմի միահամուռ հրաժարականը, թերեւս, նորանկախ Հայաստանի պատմության մեջ կարելի է համարել աննախադեպ երեւույթ: Համենայնդեպս, դժվար է հիշել մի դեպք, երբ որեւէ համայնքում բոլորը մեկ մարդու նման, ի նշան բողոքի, աշխատանքից ազատվելու դիմում են գրել, այն էլ այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում, երբ գյուղերում հացի խնդիրն առավել սուր է դրված: Այնպես որ, հայկական սովորական գյուղերից մեկում տեղի ունեցածը պարզապես քաղաքական կամքի ու քաղաքացիական գիտակցության վառ ապացույց է:
ՊՌՈՇՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴՎԶԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ