Հանրահայտ իրողություն է, որ ցանկացած պատերազմ երկու կողմ ունի` ռազմական եւ տնտեսական: Պատերազմող կողմը պարտավոր է ռազմական հաշվարկներ կատարելիս հաշվի առնել նաեւ այդ տնտեսական կողմը: Այլ կերպ ասած՝ հենց սկսվում է պատերազմը, պետական բյուջեն վերածվում է հսկա միջոցներ պահանջող մի համակարգ: Իսկ հաղթանակի համար շատ կարեւոր է, որ այս ռազմա-տնտեսական համակարգը գործի անխափան, ի վերջո, հաղթելու համար բանակը պետք է նյութապես ապահովված լինի:
Որքան էլ դաժան հնչի, բայց պատերազմի ժամանակ մարդկային կորուստները հնարավոր է վերականգնել` բնակչության շրջանում մասնակի կամ համընդհանուր մոբլիզացիա հայտարարելու միջոցով: Փոխարենը տեխնիկայի, առավել եւս ժամանակակից զինատեսակների կորուստը արագ հնարավոր չէ վերականգնել, եւ սխալ հաշվարկի դեպքում զինատեսակների ուշ համալրումը կարող է նաեւ ճակատագրական լինել:
Երեկվա դրությամբ մարտական գործողությունների արդյունքում հայկական բանակի նյութական կորուստները եղել են 7 հատ տանկ եւ մեկ զինվորական բեռնատար: Թշնամին վերջին երեք օրերի ընթացքում, երեկ երեկոյան հրապարակված տվյալների համաձայն, մարտի դաշտում է թողել 20 տանկ, 6 զրահապատ մեքենա, 2 հատ 2 «ԲՄ-21» «Գրադ» եւ 1 ՏՈՍ-1Ա-«Սոլնցեպյոկ» ծանր հրետանահրթիռային կայանքներ, 2 հատ ուղղաթիռ, 6 հատ անօդաչու թռչող սարք եւ 2 հատ հրանոթային հաշվարկ: Այսինքն՝ երեք օրվա ընթացքում հայկական կողմը շարքից հանել է Ադրբեջանի տանկային հաշվարկի մոտ 10 տոկոսը: Թշնամին, օրինակ, ըստ համացանցում առկա տվյալների՝ մինչ այս ունեցել է 43 հատ «Գրադ», որից երկուսն այլեւս շարքից հանված են: ՏՈՍ-1Ա-«Սոլնցեպյոկ» ծանր հրետանահրթիռային շարժական կայանից Ադրբեջանն ընդհանուր գնել է 6 հատ 2013 թվականին, որից մեկն, ինչպես արդեն նշեցինք, հայկական զինուժը ոչնչացրել է:
Եթե ադրբեջանական կողմն այս մարտերում օգտագործել է միայն իր` Խորհրդային Միությունից ժառանգած տանկերը, ապա դրանց վնասը կարելի է հաշվարկել միջինը մոտ 1 մլն դոլար արժեքով: Եթե դրանց մեջ եղել են նաեւ մի քանի տարի առաջ Ռուսաստանից գնած Տ-90Ս տեսակի տանկեր, ապա այս դեպքում ոչնչացված տանկի հատը պետք է հաշվարկվի` հատը մոտ 3 մլն դոլարով:
Հայկական զինուժի կողմից ոչնչացված ուղղաթիռները եղել են «ՄԻ-24» մակնիշի: Ադրբեջանի օդուժի կազմում ընդհանուր եղել է 14 հատ «ՄԻ-24» ուղղաթիռ, որից 2-ը, ինչպես արդեն նշեցինք, ոչնչացվել է:
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ միայն երեկվա ընթացքում հայկական զինուժին հաջողվել է ոչնչացնել 11 հատ տանկ, 1 հրանոթային մարտական միավոր եւ 4 անօդաչու թռչող սարք, որից երեքը եղել են հարվածային, իսկ մեկը հետախուզական եւ երկու ավտոտեխնիկա:
Նշենք, որ Ադրբեջանի ռազմական օդուժն ունի 25 հատ հարվածային անօդաչու թռչող սարքեր, որից 5-ն արդեն ոչնչացվել է:
Այսինքն՝ եթե Ադրբեջանն այս տեմպերով շարունակի գրոհել, ապա որոշ ժամանակ անց նրա զինտեխնիկայից բան չի մնա, այսինքն՝ կկրկնվի 90-ական թվականների ղարաբաղյան պատերազմի սցենարը, երբ սկզբում ադրբեջանական կողմը առավելություն ուներ, քանի որ նրանց զինված ուժերի տրամադրության տակ էին անցել Ադրբեջանի տարածքում գտնվող Խորհրդային Միության սպառազինությունը: Սակայն որոշ ժամանակ անց այդ սպառազինությունը կա՛մ ոչնչացվել էր, կա՛մ էլ անցել էր հայկական զինուժի ձեռքը: Արդյունքում Ադրբեջանը ստիպված էր զինադադար խնդրել:
Այս անգամ էլ նույն է տեղի ունենալու: Միակ հարցն այն է, թե այս անգամ ադրբեջանական կողմը քանի օր դիմանալուց հետո կսկսի զինադադար խնդրել: Ի վերջո, այս անգամ Արցախը եւ Հայաստանը պատերազմին պատրաստ են:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ