ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Եվրամիության ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսված ժամանակից ավելի շուտ կլինի: Չնայած նրան, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ նախատեսված Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախաստորագրման գաղափարը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը հանգիստ չի տալիս, այս ընթացքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հաստատուն քայլերով դեպի Եվրամիություն է գնում: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը որոշել է ավելի արագ տեմպերով եվրաինտեգրվել, եւ փորձ է արվում նախաստորագրման գործընթացն արագացնել՝ չսպասելով մինչեւ նոյեմբեր: Ըստ Ձեզ՝  ինչո՞ւ է այդքան շտապում Ս. Սարգսյանը, եւ դա ի՞նչ է տալու Հայաստանին:
-Եթե շտապեր, ապա օլիգարխների գործունեությունը կչեզոքացներ ներքաղաքական կյանքում: Եթե շտապեր, ապա արագ տեմպերով մրցակցային իրավիճակ կստեղծեր տնտեսության ու քաղաքականության բնագավառում: Եթե շտապեր, ապա սոցիալական վերելակների համակարգ կներդներ, որպեսզի երիտասարդությունը հեռանկարներ տեսներ ու չարտագաղթեր: Բայց մի բան հստակ է. Հայաստանը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Իսկ Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանին դիտել որպես եվրոպական երկիր, եւ ասոցացման համաձայնագիրն ընդամենը նպատակ ունի Հայաստանին կտրել ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի հետ Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունից: Ս. Սարգսյանը պարզապես դա անում է, որովհետեւ խորհրդարանական, նախագահի եւ քաղաքապետի ընտրությունների շրջանը  կարողացավ իր համար ցանկալի արդյունքներով ավարտել՝ շնորհիվ այն բանի, որ Եվրոպան աչք փակեց այն բազմաթիվ խախտումների վրա, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում: Ահա թե ինչի դիմաց Եվրոպան աչք փակեց այս խայտառակ ընտրությունների վրա. Ս. Սարգսյանը խոստացել էր ստորագրել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, ինչը ԵՄ-ն դիտում է երաշխիք, որ Հայաստանը չի անդամակցի ՌԴ-ի հետ:
-Բայց Ս. Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը նախընտրում է «ե՛ւ, ե՛ւ»-ի տարբերակը…
-Շատ պարզ է, որ այդ համաձայնություններն այնպիսի պարտավորություններ են նախատեսում Հայաստանի համար, որոնք արգելափակում են Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի հետ միության ստեղծմանը: Այսինքն՝ այնտեղ այնպիսի պայմաններ են ամրագրվում, որոնք բացառում են ՀՀ-ի մասնակցությունը Մաքսային միությանը: Դա պարզ է ու հասկանալի բոլորիս համար:
-Իսկ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ինչո՞վ է վատ մեր երկրի համար:  
-Եթե ես իմանայի, որ այդ ասոցացման համաձայնագիրը Հայաստանին պարտադրվում է ԵՄ-ի կողմից կամ առաջարկվում է ստորագրել` նպատակ ունենալով Հայաստանն իսկապես դարձնել եվրոպական ժամանակակից երկիր, կամ եթե ես իմանայի, որ այդ համաձայնագիրը նպատակ ունի Հայաստանը դարձնել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ եւ ապահովել  համապատասխանությունը տարբեր բնագավառներում, ապա ես իհարկե կարող էի միայն ուրախանալ: Բայց ես շատ լավ գիտեմ, ու Դուք էլ պետք է լավ իմանաք, որ այս ասոցացման մասին համաձայնագրերի ձեւավորումն առաջացել է այն բանից հետո, երբ ՌԴ-ն արագացված գնաց հետխորհրդային տարածքում Մաքսային միության ստեղծմանը:
-Այսինքն` կարելի է ասել, որ…
-Այսինքն` Հիլարի Քլինթոնը 2012թ. դեկտեմբերին շատ պարզ այդ մասին արտահայտվել է Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում Դուբլինում: Հիլարի Քլինթոնն այդ ժամանակ ասել է, որ մենք ամեն կերպ արգելափակելու ենք Եվրասիական միության ստեղծումը՝ Մաքսային միության ստեղծումը, իսկ եթե մեզ չհաջողվեց արգելափակել, ապա գոնե փորձելու ենք դանդաղեցնել այդ գործընթացը: Եվ, ըստ էության, Հ. Քլինթոնի հայտարարությունից հետո Եվրոպան գնաց այդ համաձայնագրին: Սա պարզ հաշվարկ է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս