Ցույց Վիեննայում. Եվրոպայի հայկական համայնքը բոլոր երկրներում պահանջում է սանձել Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` նշելով, որ առաջիկա օրերին եվրոպական խոշոր քաղաքներում Հայ դատի գրասենյակների նախաձեռնությամբ հայկական համայնքները կանցկացվեն բողոքի ցույցեր` ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ գործողությունների: «Առաջիկա շաբաթ օրը սպասվում է Փարիզում, կիրակի օրը` Բրյուսելում: Արդեն եղավ Հունաստանում ու Լոնդոնում:

Գործընթացը շարունակվում է: Հիմնականում բողոքի ցույցերն անցկացվելու են տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների մոտ: Պահանջն այն է, որ առաջին հերթին խաղաղ գործողությունները կասեցվեն, ահաբեկչական գործողություններին վերջ տրվի: Ինչպես նաև հարգել ձեռքբերված պայմանավորվածությունները, միջազգային իրավունքներրը»,­ ասաց Պետո Դեմիրճյանը: Պետո Դեմիրճյանը նշեց, որ գործի են դրվել Հայ դատի բոլոր գրասենյակները և ակտիվ աշխատանք է տարվում քաղաքական հարթությունում, տարբեր երկրների կառույցներում:

«Մեր նպատակն է, որ մատնացույց արվի Ադրբեջանը: Հիմնականում երկու կողմերին զսպվածության կոչ են անում, որը ճիշտ չէ, ուղղակի պետք է թիրախավորել Ադրբեջանին, որն ագրեսոր է ու ինքն է նախահարձակը: Մենք հաղթանակած կողմն ենք, մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հարկ եղավ, բնական է, որ պետք է մեզ պաշտպանենք»,­ասաց Պետո Դեմիրճյանը: ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Հայ երիտասարդները բողոքել են Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակողական գործողությունների դեմ:




Լրահոս