Անհրաժեշտ է նախապատրաստել տարբեր երկրների պառլամենտներին Արցախի անկախությունը ընդունելու անհրաժեշտ քայլին. ԵՀՄՖ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումի Նախագահությունը դիմում է Եվրոպայի բոլոր հայկական համայնքներին՝ հանձնարարելով սկսել լայնածավալ աշխատանքներ տվյալ երկրի հայամետ քաղաքական գործիչների, Ազգային Ժողովների հայամետ պատվիրակների հետ՝ Արցախյան նոր սանձազերծված պատերազմի շուրջ բացատրական աշխատանքներ տանելու համար։ Միաժամանակ Ֆորումի Նախագահությունը գտնում է, որ անհրաժեշտ է նախապատրաստել տարբեր երկրների պառլամենտներին Արցախի անկախությունը ընդունելու անհրաժեշտ քայլին։
Ստորև ներկայացնում ենք Սլովակիայի միջազգային ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկու և Պառլամենտի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը։

՛՛Հայտարարություն
Չափազանց մեծ տագնապով հետևում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ստացվող լուրերին՝ կապված Ադրբեջանի կողմից հարձակման փաստի և Ադրբեջանի և ԼՂՀ-ի զինված ուժերի միջև 1994թ․միջազգային հանրության միջամտությամբ կնքված հրադադարի գծում մարտերի վերսկսման վերաբերյալ։
Մարտերն արդեն մեծաքանակ երկկողմանի զոհերի պատճառ են դարձել ոչ միայն զինվորների, այլև խաղաղ բնակչության շրջանում։
Անհրաժեշտ ենք համարում անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները։
Սույնով պահանջում ենք Ադրբեջանից դադարեցնել մարտական ագրեսիան, անմիջապես դուրս բերել բոլոր զորքերը ճակատային գծից և պահպանել հրադադարի ռեժիմը։
Մարտերը դադարեցնելու նպատակով պետք է գործի դնել Ադրբեջանի վրա միջազգային ազդեցության բոլոր մեխանիզմները՝ անհապաղ սկսելով լայն ֆորմատով բանակցություններ՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ իշխանությունների մասնակցությամբ։

Բրատիսլավա 04.04.2016

Յան Չառնոգուրսկի
Սլովակիայի առաջին վարչապետ

Ֆրանտիշեկ Միկլոշկո
Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջիննախագահ՛՛




Լրահոս