ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Մկրտչյանին աշխատանքից ազատել են՝ նրա փոխարեն այդ պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով երեւանաբնակ Տիգրան Խաչատրյանին: Հիշեցնենք, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել էին «Արդշինինվեստբանկ»-ում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չէին կարողանում հետ ստանալ դրանք, քանի որ բանկը պատճառաբանում էր, թե կտրոնները կեղծ են: «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղում տեղի ունեցած բանկային մեքենայությունների փաստի առթիվ հուլիսի 23-ին քրեական գործ էր հարուցվել:
Երեկ Ա. Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրեն աշխատանքից չեն ազատել, ուղղակի դադարեցրել են իր լիազորությունները: «Ինձ չեն հեռացրել, լիազորություններս ժամանակավորապես դադարել են, ուրիշ ոչինչ: Հիմա ես գործի մեջ եմ, հեռացված չեմ»,-նշեց բանկի թերեւս նախկին կառավարիչը: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչ է անում իր աշխատասենյակում Տ. Խաչատրյանը, Ա. Մկրտչյանը պատասխանեց. «Մեր տարածքայինի ղեկավարն է, որը հենց սկզբից էլ ինձ մոտ էր, այժմ ինքն է ժամանակավոր կատարելու, մինչեւ այս ամեն ինչը կպարզվի: Չնայած ամեն ինչ պարզ է, բանկը, որպեսզի իր հաճախորդների վստահությունը չկորցնի, փոխհատուցել է գումարները, իսկ բանկին էլ այդ գումարները կտա նա, ով կատարել է այդ հանցանքը»:
Նշենք, ԺՊ նշանակված Տ. Խաչատրյանի ձեռքերն է մաքուր չեն: Նա էլ Ա. Մկրտչյանի աշխատասենյակում նստած քաղաքացիների վրա բղավել էր, թե «գնացե՛ք, կտրոն տված աշխատակցի՛ց պահանջեք ձեր գումարները. մենք չունենք տալու»: Բայց բարձրացված աղմուկից հետո «Արդշինինվեստբանկ»-ը վերադարձրեց մարդկանց ոսկեղենը:




Լրահոս