ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ՓՈՂՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով հերթական դատական նիստը, որն արդեն թեւակոխում է ավարտական փուլ: Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը պահանջեց դատարանից հայտնի էպոսագետ, «մահափորձի պատվիրատու» Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա, իսկ կատարողներ Սամվել Հարությունյանին՝ 13, Խաչիկ Պողոսյանին՝ 14 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, «սլավոնական արտաքինով» մի տղամարդ կես մետր հեռավորությունից կրակել էր Պարույր Հայրիկյանի ուսին: Հրազենային երկու վնասվածք ստանալուց հետո ԱԻՄ առաջնորդը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատության էր ենթարկվել: Դեպքից մեկ շաբաթ անց մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը: Ավելի ուշ կալանավորվել էր նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Ս. Հարությունյանին եւ Խ. Պողոսյանին 2013թ. հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Շուրջ 5 ամիս քննվող այս գործի մեջ մի շարք զարմանալի եւ տրամաբանությունից զուրկ փաստեր ի հայտ եկան: Կուլմինացիան, իհարկե, մեղադրական եզրակացությունն էր, ըստ որի՝ ԱԱԾ քննչական վարչության կողմից 3 ամիս շարունակ քննված քրեական գործով պարզվել է, որ Վ. Սեդրակյանը զենք ձեռք բերելու նպատակով նրանց տվել է 1000 դոլար, ինչը Խ. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջեւ: Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խ. Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996թթ. ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահված, 1941թ. գործարանային արտադրության, 7,62 մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:
Մինչ հարազատները փորձում են այս պատմության ամենազավեշտալի եւ զարմանալի կողմերը հասկանալ, երեկ դատարանում իրավիճակը բավական թեժացավ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Խ. Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ասաց, թե շատ վիրավորված է Պ. Հայրիկյանի թիմակիցների անհարգալից պահվածքից. «Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ Հայրիկյանի թիմակիցները ռեպլիկներ էին բաղ թողնում իմ ամուսնու հասցեին: Երեկ մեկն իմ ամուսնու հասցեին մի արտահայտություն արեց, թե «այդ ողորմելիին քի՛չ տվեք»: Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, ամուսինս էլ զայրացավ ու հայհոյեց Հայրիկյանի թիմակցին»: Զայրացած Նոնայի համար անարդար ու անհիմն է նաեւ մեղադրող դատախազի պահանջը. «Ես սպասում եմ դատարանի վճռին ու այսպես չեմ թողնելու, բողոքարկելու եմ: Բոլորն էլ գիտեն, թե այդ 14 տարիներն ինչ ահավոր են լինելու: Ինչի՞ համար են այսպիսի ծանր պատիժ սահմանում, եւ հետո, տեսանք, որ հետեւանքն այդքան էլ դաժան չէր: Ի՞նչ են ուզում ասել այս ամենով»:
Դատախազ Արամ Ամիրզադյանի ներկայացրած պատժի պահանջն անընդունելի էր նաեւ ամբաստանյալ Ս. Հարությունյանի մոր՝ տիկին Ռոզայի համար. «Չգիտեմ, ա՛յ բալամ, չգիտեմ, թե ինչ է սա: Այն, ինչ անում են, արդար չէ»:
 Ա. Ամիրզադյանի ճառն աբսուրդ համարեց նաեւ Սեդրակյանի դատապաշտպան Ալեքսանդր Սիրունյանը. «Եթե նա կազմակերպիչն է, մյուսների հետ համեմատած՝ պետք է ավելի խիստ պատիժ առաջարկեին. ոչ թե ամբաստանյալներին 13, 14 տարվա ազատազրկում պահանջի, իսկ պատվիրատուին՝ մեկ տարով պակաս: Թեեւ հավանաբար դատարանն այդպես էլ անելու է: Միայն մի բան կասեմ. ինչ անելու է, թող արագ անի, որ բողոքարկենք»:
Հաջորդ դատական նիստի ժամանակ պաշտպանը, բնականաբար, հանդես կգա պաշտպանական ճառով եւ կհայտարարի. «Այս ամենը մի բացատրություն ունի. Սեդրակյանը կապ չունի, ու մենք մեկ ամիս չենք նստելու ու հետո նոր վերաքննիչ բողոք ներկայացնենք, դա շատ ավելի արագ կլինի»:
Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, եւ արդյոք այս հանցանքն այն ծանրագույն պատիժն էր, որ պետք է կրեն սույն գործով ամբաստանյալները, դեռ հայտնի չէ:
Երեկ Հայրիկյանը դատարանում պետք է ճառ ասեր, սակայն այն ընդամենը կցվել է գործին: «Հարգելի՛ դատարան,-գրել է Հայրիկյանը,-կատարվածին նայում եմ որպես մարդ, քաղաքացի եւ որպես ազգային-քաղաքական գործիչ: Որպես մարդ՝ ես սրտանց ցանկանում եմ այս գործով ամբաստանյալներին տեսնել ազատության մեջ՝ իրենց ընտանիքների հետ, իրենց հարազատների միջավայրում… Որպես պարզ քաղաքացի՝ խնդրին անդրադառնալիս ես գիտակցում եմ, որ հանուն դրամի եւ ստրկամտության ինձ վրա, այդ կերպ Հայաստանի անկախության վրա կրակելու պատրաստ հազարավոր մարդիկ են այսօր ազատ գոյատեւում անկախ Հայաստանում, հետեւաբար, այսօրվա ամբաստանյալներն էլ կարող էին նրանց հետ լինել: Մյուս կողմից՝ որպես ազգային քաղաքական գործիչ՝ հասկանում եմ, որ այսորակ մարդիկ ասպարեզ են գալիս մեր թողտվության եւ ներողամտության հետեւանքով»:
Հավելենք, որ Պ. Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դատարանում պահանջել է ԱԻՄ նախագահի առողջությանը վնաս պատճառելու համար վճարել 43 միլիոն 424 հազար դրամի (մոտ 106 հազար դոլար) փոխհատուցում: Հավանաբար ՀՀ կառավարության կողմից նրա բուժման համար տրված 20,5 մլն դրամը Հայրիկյանը քիչ է համարում, եւ նրան ոչ թե մահափորձն էր հետաքրքրում, այլ «հոնորարները»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս