ՈՍՏԻԿԱՆԸ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՓՈԽԱՆՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաշառք վերցնելու եւ թմրանյութ փոխադրելու կասկածանքով կալանավորվել են ոստիկանն ու քաղաքացի Արման Ավագյանը: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթ՝ հուլիսի 25-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանի մոտից «Նուբարաշեն» քրեակատարողական վարչության աշխատակիցներն անձնական խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել էին բջջային հեռախոսներ, որոնցից մեկի մեջ եղել են բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր եւ մի լիցքավորիչ, ուր ոստիկանը լցրել էր մարիխուանա տեսակի թմրամիջոց: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հայտնում է, որ ոստիկան Տ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը, թմրամիջոց ապօրինի իրացնելը):
Միքայել Ահարոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ սույն քրեական գործով պարզվել է՝ թմրանյութով լցված հեռախոսն ու լիցքավորիչը կաշառքի դիմաց Տ. Աղաջանյանին հանձնել է Երեւանի բնակիչ Արման Ավագյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կաշառք տալը եւ թմրամիջոց ապօրինի իրացնելը): Ըստ Ահարոնյանի՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Աղաջանյանի եւ քաղաքացի Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Բայց քանի դեռ նրանց մեղքն ապացուցված չէ եւ չկա դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, նրանք ընդամենը կասկածյալներ են:




Լրահոս