ՈՒՌՃԱՑԱԾ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշում է ընդունել Անդրանիկ Շառյանին մարզպետի խորհրդական նշանակելու մասին: Վերջինիս համար սահմանվել է 150.000 դրամ աշխատավարձ: Շառյանը Բերդի նախկին քաղաքապետն է, նա պարտվեց 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում եւ, չնայած դրան, շարունակում է ղեկավարել ՀՀԿ Բերդի տարածքային կառույցը: Հայտնի չէ՝ Ա. Շառյանը Բերդ քաղաքից է խորհուրդներ տալու Ա. Ղուլարյանին, թե տեղափոխվելու է Իջեւան ու մարզպետարանի շենքում աշխատասենյակ է ունենալու: Հայտնի չէ նաեւ, թե ինչ ոլորտների վերաբերյալ է խորհուրդներ տալու: Տավուշի մարզի բնակչությանը հայտնի չէ նաեւ, թե մինչ այժմ մարզպետի մյուս խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանն ինչ ոլորտների վերաբերյալ է խորհուրդներ տվել նրան: Հայտնի է միայն, որ Լ. Չիբուխչյանը ճանաչված դեմքերին՝ Պուտինին, Սերժ Սարգսյանին, Պետրոս Մեծին, Ալֆրեդ Նոբելին եւ այլոց չափածո գրքեր է ձոնում, որոնք տպագրվել են մարզպետարանի հովանավորությամբ: Սակայն մարզպետարանը գրքերի հրատարակման համար բյուջեի հոդված չունի, իսկ պետական բյուջեից մարզպետարանին հատկացվող գումարները տրվում են որոշակի նպատակների՝ կրթության, առողջապահության, շինարարական եւ այլ ծրագրերի համար: Այսպիսով՝ առկա է բացահայտ կոռուպցիա: Նշենք, որ Շառյանի նշանակումով Տավուշի մարզպետը կունենա 2 խորհրդական, 2 տեղակալ, 2 օգնական: Մարզպետարանի աշխատակազմն ուռճացված է՝ 117 աշխատող: Եվ բոլորն էլ պետբյուջեից բարձր աշխատավարձ են ստանում: Տավուշի մարզպետի հուլիսի 18-ի որոշմամբ, չգիտենք՝ ինչ ձեռքբերումների համար, մարզպետարանի քաղաքացիական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները դրամական պարգեւների արժանացան:
Ընդհանրապես մարզպետարանների գործունեության նպատակահարմարությունը խիստ կասկածելի է: ՀՀ 10 մարզպետարանները ձեւավորվեցին 1996թ., երբ համայնքներում ՏԻՄ-երը դեռեւս չէին ձեւավորվել: Այդ ժամանակ մարզպետարանները՝ որպես կառավարության տարածքային ստորաբաժանումներ, կապող օղակ էին կառավարության եւ համայնքապետարանների միջեւ: Անցած 17 տարում համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինները կայացել են, ուստի նման կապող, միջնորդ օղակի անհրաժեշտությունը վերացել է: Մարզպետարանները, կարելի է ասել, ավելորդ օղակ, մեծ բեռ են առանց այն էլ ուռճացած պետական ապարատի համար: Երբ տարիներով համայնքներում ձգձգվում է կարեւոր նշանակության ծրագրերի՝ ճանապարհների, ջրագծերի շինարարության, դպրոցների վերանորոգման ծրագրերի իրականացումը, պետական պաշտոնյաները, որպես արդարացում, ասում են՝ բյուջեում փող չկա: Սակայն բյուջեում փողը բավարարում է մարզպետարանների մեծաքանակ աշխատակազմը պահելու, նրանց ֆինանսապես խրախուսելու, նրանց ծառայողական ավտոմեքենաների վառելիքի, մարզպետարանի աշխատողների ծառայողական հեռախոսահամարների ծախսերը հոգալու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս