ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՄԱՀԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքը խիստ վթարային վիճակում է: Բնակիչների պատմելով` խարխլված պատերից գրեթե ամեն օր տեղի է ունենում քարաթափում: Շենքի խոցելիության աստիճանը գնահատվել է բարձր, իսկ վթարայնությունը դասվել է չորրորդ աստիճանի, ինչի արդյունքում այն ընդգրկվել է քանդման ենթակա շենքերի եւ վերաբնակեցման խիստ առաջնահերթության խմբում: Սակայն, չգիտես  ինչու, հիմա շենքն ընդգրկված է 2013-2015թթ. միջնաժամկետ ծրագրի ՀՀ քաղաքաշինության նախարարության ֆինանսավորման հայտում:
Շենքի աջակողմյան եւ ձախակողմյան անկյունային պատերն իրենց հարակից սանհանգույցներով ու պատշգամբներով հանդերձ ամեն վայրկյան ենթակա են փլուզման, ինչը մեծ վտանգ է ներկայացնում նախ բնակիչների, ապա նաեւ պատահական անցորդների կյանքի համար, որովհետեւ շենքի վթարային հատվածները հասնում են երթեւեկելի փողոցին:
Տեղեկացնենք, որ նախկին «Մետաքս» կոմբինատին պատկանող Սիսակյան փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքը ՀՀ կառավարության 13.03.1997թ. հ. 42 որոշման հիմքով ընդունման-հանձնման ակտով հանձնվել է Աջափնյակ թաղային համայնքին: Սակայն բնակիչները զարմացած են, թե ինչու շենքի նկատմամբ համայնքի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում չի կատարվել:
Հավելենք, որ շենքից բնակիչներին անհապաղ տեղահանելու առաջարկությունն ամրագրվել է դեռեւս 2007-ի օգոստոսի 31-ին: «Հայսեյսմշին» եւ ԿՊ ԳՀԻ ԲԲ ընկերության կողմից տրված եզրակացության համաձայն՝ շենքի խոցելիության աստիճանը գնահատվել է բարձր, իսկ վթարայնությունը դասվել է չորրորդ աստիճանի, ինչի արդյունքում այն ընդգրկվել է քանդման ենթակա շենքերի եւ վերաբնակեցման խիստ առաջնահերթության խմբում:
Բնակիչների ներկայացմամբ` դեռեւս Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից հրահանգվել է, որպեսզի 2009-2011թթ. ամբողջովին լուծվի Սիսակյան փողոցի հ. 3 բազմաբնակարան շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը: Սակայն հիմա Սիսակյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող բազմաբնակարան հանրակացարանային շենքն ընդգրկված է ՀՀ-ի 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի ՀՀ քաղաքաշինության ֆինանսավորման նախագծում, ինչը, բնականաբար, հարուցել է վթարային շենքի բնակիչների զայրույթը: «Սա զարմանք ու զավեշտ է հարուցում մեզ մոտ, քանի որ շենքի տեխնիկական եւ խիստ վատթար վիճակն անբավարար է եւ չի կարող դիմակայել մինչեւ 2015թ.»,-վրդովված նկատեց շենքի բնակիչ Աստղիկ Սահակյանը:
Չորրորդ կարգի վթարային այս շենքի բնակիչները 2007-ից մինչ օրս ահազանգերով, հորդորներով, գրավոր բողոքներով դիմում են համապատասխան վերադաս-գերատեսչական մարմիններին, սակայն վերաբնակեցման ուղղությամբ ոչինչ չի արվում:
«2007-ից առ այսօր քանի թաղապետ, քաղաքապետ եւ քաղաքաշինության նախարար է փոխվել, սակայն ոչ միայն մարդկային բազմաթիվ կյանքեր են անուշադրության մատնվել, այլեւ դրանք դրվել են անխուսափելի վտանգի տակ: Այս պահին բնակիչների վերաբնակեցումը չափից ավելի հրատապ ու հույժ կարեւոր խնդիր է, առավել եւս, որ այն չորրորդ աստիճանի է ճանաչվել դեռեւս 6-7 տարի առաջ: Ինչո՞ւ են այսքան անտարբեր մեր պաշտոնյաները: Մենք չենք ուզում մեր մահը դիմավորել»,-զայրացած ներկայացրեց տիկին Աստղիկը:
Նկատենք նաեւ, որ ՀՀ պետբյուջեով 2009թ.-ից հետո վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար գումարներ չեն տրամադրվել: Ու Երեւանի քաղաքապետարանը պետական միջոցների հաշվին այս նպատակով շինարարություն չի իրականացրել:  
«Ժողովուրդ»-ը փորձեց Աջափնյակի թաղապետարանից հետաքրքրվել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Սիսակյան 3 շենքի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ, սակայն թաղապետարանի մամուլի բաժնի պատասխանատու Մարինե Գասպարյանը մեր հարցը վերահասցեավորեց. «Դիմե՛ք Երեւանի քաղաքապետարան: Ձեզ ավելի ստույգ կպատասխանի քաղաքապետարանի գույքի կառավարման վարչությունը»:
Դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի լրատվության վարչություն, որտեղից տեղեկացանք. «Սիսակյան փողոցի հ. 3 հանրակացարանային շենքի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի 2013թ. ապրիլի 19-ի  հ. 140 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ քաղաքաշինական նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ: Եւ Երեւանի քաղաքապետարանը, բնակիչների վերաբնակեցման խնդիրն արագ կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարություններին առաջարկել էր իր պատրաստակամությունը՝  համաֆինանսավորման սկզբունքով կարգավորելու հարցը, ինչի հետ կապված  առաջարկվել է, որպեսզի ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվի շենքի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման  արդյունքում նախահաշվային արժեքը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս