ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐԿԵՐԸ ՔԻՉ ԵՆ
Համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալու եւ բնակչության հետ հանդիպելու նպատակով օրերս հերթական անգամ Ստեփանավանում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի բոլոր քաղաքային համայնքների խնդիրները նույնն են, հիմնականում սոցիալական բնույթի, իսկ Ստեփանավան, Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում էական հարցերը վերաբերում են տնակային պայմաններին եւ բնակարանային հարցերին, որոնք, ցավոք, երկրաշարժից հետո դեռ լուծված չեն: Ստեփանավանում, ինչպես միշտ, այս անգամ էլ Աշոտաբերդ եւ Պրոմեթեւս 2 շենքերի բնակիչներին անհանգստացնում է բնակապահովման հարցը, որի լուծման համար դեռ հստակ ճանապարհներ չկան: Երկրորդ տեղում են աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմումները: «Բոլոր խնդիրների լուծումները կարճ ժամանակամիջոցում տալ չենք կարող, բայց համոզված եմ, որ մի քանի տարիների ընթացքում, եթե հրատապ ծրագրերը շարունակական լինեն, հերթով բոլոր խնդիրների ճանապարհները կգտնենք»,-ստեփանավանցիներին հավաստիացրեց Արթուր Նալբանդյանը:
Լոռու մարզպետը եղավ նաեւ մարզի մի քանի գյուղական համայնքներում, լսեց բնակիչներին, խոստումներ, իհարկե, չտվեց, բայց նշեց, որ հնարավորության սահմաններում, եթե ոչ պետական բյուջեից, ապա գոնե միջազգային կառույցների ու դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական հոսքեր լինելու դեպքում, ըստ առաջնահերթության, կլուծեն որոշ համայնքների ջրի խնդիրը:
Հանդիպման վերջում Արթուր Նալբանդյանը չմոռացավ խոսել գլխավորի մասին՝ հարկերի հավաքագրումը մարզում շարունակում է մնալ օրակարգային խնդիր: Նա հիշեցրեց նաեւ, որ հարկերի հավաքագրումից է կախված, թե համայնքներում ինչ ծրագրեր կիրականացվեն եւ ինչ թափով:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ԲԱԽՎԵԼ ԵՆ ԳՆԱՑՔԻՆ
Հուլիսի 28-ին Քարակերտ-Արտենի ուղեմասի 2803-րդ կիլոմետրին բեռնատար գնացքը բախվել է խոշոր եղջերավոր կենդանիների: 22 վագոնից շարժակազմը՝ 1738 տոննա ընդհանուր քաշով, վրաերթի է ենթարկել վեց կովի: Բախման արդյունքում վնասվել է էլեկտրաքարշը, որի վերանորոգման համար գնացքը մոտ 1 ժամ կանգնել է Քարակերտի կայարանում: Քարակերտ-Արտենի ուղեմասում պատահարի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերթական անգամ հիշեցնում է քաղաքացիներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին եւ կոչ անում գծերը չօգտագործել անասուններին արածեցնելու կամ արոտավայր տանելու համար:

Ա. Շ.




Լրահոս