ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ԳՈՎԱԶԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի սկզբին երգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ Նովորոսիյսկ քաղաքում մասնակցեց «Морской узел» մրցույթին ու վերադարձավ Գրան պրի-ով: Սակայն նրա հաղթանակի մասին այդքան էլ շատ չխոսվեց, եւ երիտասարդ երգչուհու կյանքում մրցույթից հետո առանձնապես բան չփոխվեց: Հիշեցնենք, որ նախկինում մի քանի հայ կատարողներ եւս մասնակցել են «Морской узел»-ին, սակայն Գրան պրին Հայաստան է բերվում երկրորդ անգամ. 11 տարի առաջ այն նվաճել է Արա Մարտիրոսյանը: Այս մրցույթին մասնակցել են նաեւ Վարդուհի Վարդանյանը, Աննա Խաչատրյանը, Ռազմիկ Ամյանը եւ Արփին, որը, ի դեպ, անցած տարի առաջին տեղը զբաղեցրեց:
-Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում մրցույթից հետո:
-Մեծացել եմ, բայց նաեւ մի տեսակ ավելի պատասխանատվություն է ընկել վրաս: Երբ մարդիկ քեզ մեծարում են, գովում, դու հասկանում ես, որ դեռ այնքան բան ունես սովորելու, որ չպիտի մնաս այդ նույն մակարդակին, սահմանին, որովհետեւ եթե դու մնաս, կգա մի սերունդ, որ կանցնի քեզ: Մրցույթներն ինձ համար միշտ ստիմուլ են: Կատարողները, որոնք իրենց համարում են մրցութային երգիչներ, կփաստեն, որ մասնակցությունը մրցույթներին մեծ բարձունքներ նվաճելու միջոց է:
-Իսկ բացի զուտ Գրան պրիից, կա՞ր ֆինանսական մրցանակ:
-Ֆինանսական կողմն այդքան էլ մեծ չէր, 3000 դոլար էր կազմում: Իսկ միջազգային մրցույթներում այդպես է. երբ արտասահմանցի որեւէ կատարող է հաղթում, պահումներ են լինում: 30 տոկոս պահումից հետո իմ գումարը կազմեց 2100 դոլար: Այդ գումարով ոչինչ անել հնարավոր չէ, նկատի ունեմ նոր բան ստեղծել կամ թեկուզ տեսահոլովակ նկարել: Բայց նոր լսարան ես ձեռք բերում ու պատասխանատվության ալիք` չմնալու, չդոփելու տեղում, առաջ գնալու, մարդկանց զարմացնելու համար:
-Առաջ գնալու եւ մարդկանց զարմացնելու համար ի՞նչ նախագծեր ունեք:
-Կան պլաններ, բայց չեմ ուզում նախօրոք խոսել: Ուզում եմ անել, հետո: Շատ բաների մասին եմ երազում, բայց ամեն բան չէ, երբ մարդու սրտով կամ կամոք է լինում: Ինչպես որ կստացվի, ուրախ կլինեմ խոսել իմ հաջողությունների մասին:
-Դուք առանց որեւէ մեկի օգնությա՞ն եք անցնում Ձեր ճանապարհը, գուցե սխալվում եմ, բայց Ձեր քայլերը կարծես փոքր-փոքր են:
-Որովհետեւ իմ մարդկային տեսակն այնպիսին չէ, որ ես թեկուզ կարողանամ պրոդյուսերություն անել ինքս ինձ, չնայած շատ կատարողներ դա անում են: Ես ավելի շատ երազող եմ, ռոմանտիկ, կարող եմ մեծ գործ անել ու սպասել մարդկանց արձագանքներին: Իսկապես իմ կողքին մարդիկ են պետք, որ մեկը զբաղվի մենեջերությամբ, մյուսը՝ պրոդյուսինգով, ինձ էլ մնա միայն երգելը: Ես ունակ չեմ ինքս ինձ գովազդելու, բայց էնպես էլ չէ, որ փոքր գործեր եմ անում:
-Ֆինանսների բացակայությունը խանգարո՞ւմ է մեծ քայլեր անելուն:
-Իհարկե: Բայց ի՞նչ անեմ, ես չունեմ պրոդյուսեր, օգնականներ, փոխարենն ունեմ շատ լավ ընկերներ, որ կողքիս շատ հարցերում կանգնած են: Սակայն գալիս է մի պահ, երբ գումարի հարց է առաջանում, այդ ժամանակ միայն ընկերական շրջապատով մարդ չի կարող որակ ստանալ: Ամեն մարդ պետք է վճարվի իր աշխատանքի համար: Չէ՞ որ երբ մենք ինչ-որ տեղից գումար ենք ստանում, ոգեւորվում ենք դրանից, հասկանում, որ ինչ-որ հարցերում կարող ենք մեծ քայլեր անել: Իսկ երբ դու վճարում ես մինիմալ գումար, չես կարող մարդուց պահանջել մաքսիմալ աշխատանք:
-Իսկ այն գումարը, որ Դուք աշխատում եք «Ջոս» ակումբում, բավարարո՞ւմ է Ձեր կարիքները հոգալու համար:
-Չեմ ուզում ոչինչ ասել, որ դժգոհ մարդու տպավորություն չթողնեմ աշխատանքիցս ու փառք եմ տալիս, որ կարող եմ աշխատել ու գումար ունենալ: Հավատացե՛ք, որ իմ վաստակածը միայն լավ բաների համար է ծախսվում: Վաստակածիս չափը չեմ ասի, բայց դրանով չեմ կարող նկարել նույնիսկ էժանագին տեսահոլովակ: Սակայն ես ունեմ ձեռքի գումար ու կարող եմ գնալ թեկուզ որեւէ մարզ ու իմ հաշվին բարեգործական համերգ տալ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս