Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք վարկանիշային մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալու է Ռիոյի Օիլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշար:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել էր. «Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ,որ հայ մարզասերը մեզ կհասկանա»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնի հետ զրույցում ՀԱՕԿ նախագհի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը ասաց, որ այդ որոշումը վերանայլվել է:

«Քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը Հայաստանում չէ, չեմ կարող ասել այդ որոշումը նախապես համաձայնեցված է եղել թե ոչ: Հայտարարությունից հետո ես անձամբ զրուցել եմ նրա հետ: Գևորգյանը իր մտավախությունն ունի հայ մարզիկների անվտանգության համար, քանի որ Սամսունի մրցաշարին ադրբեջանցի մարզիկներ էլ պետք է մասնակցեն: Նրա դիրքորոշումը կարելի է հասկանալ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն հանդիպել է մարզիչների հետ և անձամբ զրուցել է Արթուր Գևորգյանի հետ: Նրանք եկան այն որոշմանը, որ հայ բռնցքամարտիկները կմասնակցեն թուրքական Սամսուն քաղաքում կայանալիք վարկանիշային մրցաշարին: Ցանկանում եմ նշել, որ ՀԱՕԿ նախագահ պարոն Ծառուկյանը այսպիսի հարցերի դեպքում արագ լուծում է գտնում՝ համաձայնացնելով միջազգային ֆեդերացիաների և բարձր ատյանների հետ: Ուրախ եմ, որ կողմերը եկան համաձայնության և խնդիրը լուծված է համարվում: Այժմ մնում է միայն լավ մասնակցություն ունենալ»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը:

Տեղեկացնենք, որ ՀԱՕԿ նախագհի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը նշանակվել է Սամսուն մեկնող Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար:

Մրցաշարը կկայանա ապրիլի 7-18-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս