«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2016թ.-ի ապրիլի 5-ի նիստում:
Այս ամբիոնից բազմաթիվ դատապարտող հայտարարություններ իրավացիորեն հնչեցին և դեռ կհնչեն Ադրբեջանի սանձարձակ գործողությունների վերաբերյալ: Նախորդ տարիներին ևս բազմաթիվ անգամ հնչել են նմանատիպ հայտարարություններ: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք որևէ ազդեցություն չեն թողնում ոչ միայն ավտորիտար ռեժիմների ու նրանց ռազմական նկրտումների, այլ նաև միջազգային հանրության վրա, որն Ադրբեջանի կողմից պատերազմական յուրաքանչյուր գործողությունից հետո իսկույն հավասարության նշան է դնում և «կողմերի՛ն է կոչ անում» դադարեցնել զինված բախումները` զերծ մնալով անաչառ և արդարացի դատապարտումից:
Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ անցնող տարիներին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ, որը անհեռատես քաղաքականության հետևանքով մերժվել է: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագիծը հիմնականում մերժել են հետևյալ պատճառաբանությամբ` ընթանում է բանակցային գործընթաց, և եթե ճանաչենք Արցախը, ապա բանակցային գործընթացը կտապալվի, և Ադրբեջանը կարող է փորձել զենքի ուժով լուծել հակամարտությունը: Այժմ հարցադրում ուղղեմ այդ խոսքերի հեղինակներին` ի՞նչ է այսօր Ադրբեջանի արածը, եթե ոչ փորձ` զենքի ուժով գրավելու Հայաստանը:
Մի՞թե Հայաստանը պաշտոնապես հայտարարել էր Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին, ցավոք` ոչ, այնինչ Ադրբեջանն արդեն ուղղակի զինված ագրեսիա է իրագործում` օգտագործելով իբրև թե մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնությունից գնած միլիարդավոր դոլարների զանգվածային ոչնչացման սպառազինությունը: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին հարցը քաղաքական օրակարգ կներառվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների: Ապրիլի 1-ից Ադրբեջանը դիմել է ռազմական լայնածավալ ագրեսիայի, հետևաբար` գոնե այս կարևոր հարցում համարձակություն ունեցեք տեր կանգնել ձեր խոսքին և Հայաստանի քաղաքական օրակարգ ներառել Արցախի Հանրապետության ճանաչման մասին հարցը, որը չունի այլընտրանք:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն