Տավուշում փխրուն խաղաղություն է. հակառակորդն անկանխատեսելի է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի, Բաղանիս գյուղերի ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը Կոթի համայնքից տեղեկացավ, որ ադրբեջանական կրակը էական վնասներ չի պատճառել: Կոթի համայնքի ղեկավար Ֆելքիս Մելիքյանն ասաց, որ ադրբեջանական գնդակները դիպել են գյուղի այն հատվածներին, որտեղ առանձնատները քիչ են:

Սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչներն էլ հայտնեցին, որ գնդակները դիպել են գյուղի ճանապարհներին, ծառերին եւ այլն: Իսկ Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանն ասաց, որ ապրիլի լույս 5-ի գիշեր Բերդավանի գնդակոծություն չի եղել, այդ մասին որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, ապրիլի 5-ին՝ կեսօրից հետո, Բերդավանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ առանձին կրակոցների ձայներ  լսվել են: Այդ մասին հայտնեցին Բերդավանի բնակիչները:

Սակայն ընդհանուր առմամբ վիճակը հանգիստ է: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, որը ձգվում է Ադրբեջանի Ղուշչի-Այրում գյուղի մարտական հենակետերի դեմ-դիմաց, երթեւեկության համար բաց է: Սակայն բազմաթիվ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով, գերադասում են  միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը հաղթահարել Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով: Տավուշի սահմանագոտում համեմատաբար հանգիստ է: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ադրբեջանական զինուժը ամեն պահի կարող է խախտել փխրուն խաղաղությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս