Ռուս քաղաքագետ Ֆյոդոր Բիրյուկովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցում միանշանակ տեսնում է Անկարայի հետքը: Սակայն նրա խոսքով, Ռուսաստանը միանշանակ տիրապետում է իրավիճակին և կողմ է հարցի լուծմանը բանակցությունների ճանապարհով:
-Արդեն մի քանի օր է` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է տիրում: Ձեր կարծիքով այդ ամենը պատերա՞զմ էր, թե՞ այլ բան:
– Ես կարծում եմ՝ դա պրովոկացիա է, որը նպատակ ունի այդ տարածաշրջանում կոնֆլիկտի սրման: Ընդ որում, եթե դատենք իրավիճակից, այստեղ շատ կարևոր դեր է խաղում մեդիան: Այնպես որ, եթե սա դասական պատերազմ չէ, ապա վստահաբար գործ ունենք հիբրիդային պատերազմի հետ:
– Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հենց այժմ դիմեց լայնածավալ գործողությունների:
– Յուրաքանչյուր սառեցված հակամարտություն նռնակ է, որը կարող է ցանկացած պահի պայթել: Այժմ իրենց համար հենց այդ պահն էր: Միջազգային հանրությունը զբաղված է միջազգային ահաբեկչության և Սիրայում չավարտված պատերազմով, դեռ անավարտ է մնում Ուկրաինայի հարցը, ինչպես նաև Եվրոպայում ավելացող ճգնաժամը: Միևնույն ժամանակ արևմուտքը ցուցադրաբար հեռանում է Էրդողանի ռեժիմից:
Թուրքիան, ձեռնոց նետելով Ռուսաստանին, հույս ուներ ստանալ ՆԱՏՕ-ի լիակատար աջակցությունը, սակայն հայտնվեց իր համար շատ վատ իրավիճակում: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղում դեռևս հիբրիդային պատերազմի վերսկսումը, առաջին հերթին, Անկարային հնարավորություն է տալիս իր դիրքերն ամրապնդել Ադրբեջանի քաղաքական շրջանակներում և փորձ է անում այդ կերպ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վատացնել` խնդիրներ ստեղծելով նաև Հայաստանի համար:
– Այսինքն` Դուք այստեղ միանշանակ տեսնում եք Թուրքիա՞յի գործոնը:
– Հաշվի առնելով Թուրքիայի ջանքերը՝ Ադրբեջանի վրա վերահսկողություն ունենալու առումով, ապա Անկարայի հետքն այս գործողություններում ակնհայտ է:
– ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնեց Բաքու, իսկ վարչապետն էլ կայցելի Հայաստան: Ի՞նչ արդյունքներ կլինեն:
-Ներկայումս դա միակ ռեալ միջոցն է խուսափելու լայնամասշտաբ պատերազմական գործողություններից:
– Այժմ սահմանին կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ ձեզ` ինչպե՞ս դա հաջողվեց:
– Կրակի դադարեցման մասին որոշումը միանշանակ կայացվել է Ռուսաստանի միջոցով՝ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: Ռուսաստանն իրավիճակը վերահսկողության տակ է պահում:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը