
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում սկսված լարվածությունից երեկվա դրությամբ պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի 29 զոհ: Նրանց թվում են ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներ:
1989 թվականին ծնված կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզից էր, Փոքր Մարսիկ գյուղից, ծառայության էր անցել 2013 թվականից:

ArmLur.am-ի հետ զրույցում Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Մարգարյանը հայտնեց, որ Վրեժն ամուսնացած էր, ունի 1 որդի: Վրեժն ապրում էր ծնողների հետ միասին և պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է մնալ Զինված ուժերում:
«Շատ ակտիվ երիտասարդ էր: Երբ որ պատերազմի մասին խոսում էինք, ասում էր՝ գնալու եմ: Սիրտը վկայում էր»,- նշեց գյուղապետը:
Մարգարյանը հայտնեց, որ նույն օրը զոհված Հարություն Աբրահամյանը, ով Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից էր, Վրեժի մոտ ընկերն էր և միասին էլ զոհվեցին: Գյուղապետը նշեց, որ իրենց գյուղից այլ զոհ չկա, մեկ հոգի էլ վիրավոր է:
